Հայ-ամերիկյան TRIPP նախագծին զուգահեռ` Սյունիքի մարզում խոշոր ներդրումներ է անում նաև Եվրամիությունը: 2023-ին մեկնարկած «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում անդամ երկրները, Շվեյցարիան և եվրոպական բանկերն արդեն ավելի քան 250 միլիոն եվրո են հատկացրել տասնյակ ծրագրեր իրականացնելու համար՝ ոռոգման համակարգի նորոգումից մինչև խմելու ջրի մատակարարում, խոցելի մարդկանց խնամքից մինչև մինչև հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանություն ու վերականգնում:
«Ես Սյունիքի բնակիչներին ուզում եմ ասել՝ Եվրամիությունը կանգնած է ձեր կողքին ու աջակցում է ձեր ջանքերին», - հայտարարում էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, - «Հայ ժողովուրդը գիտի՝ որքան կարևոր է Սյունիքը, Հայաստանի համար շատ կարևոր մարզ է և մեծ դեր ունի երկրի դիմակայունության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում»:
Այս պահին նախաձեռնության ընդհանուր բյուջեն 258 միլիոն եվրոյի է հասնում, որի մի մասը վարկեր են, մյուսը՝ դրամաշնորհներ: Այս միջոցներով, օրինակ, վերականգնում են 36 կիլոմետր երկարությամբ Սպանդարյանի ջրանցքը, որի միջոցով ավելի քան 2 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածք կկարողանան ոռոգել: Ֆրանսիայի աջակցությամբ պեղումներ են իրականացնում Տաթևի Մեծ անապատ 17-րդ դարի վանական համալիրում ու պատրաստվում վերականգնման աշխատանքներին: Եվրամիության աջակցությամբ հատուկ խնամքի ու ուշադրության կարիք ունեցող տարեցներին կացարանով են ապահովում: Հայ արտադրողներին ու բերք մթերողներին անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու սարքավորումներ են տրամադրում, և այսպես շարունակ:
Ընդհանուր առմամբ արդեն իրականացվել է կամ նախատեսում են մեկնարկել շուրջ 80 ծրագիր: Նախաձեռնության բյուջեն հետագայում կարող է ավելի մեծանալ:
«Այս մարզում ներդրումներ կատարելը Եվրամիության ու Հայաստանի կառավարության համատեղ ու խիստ անհրաժեշտ նպատակն է», - ընդգծում է Մարագոսը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ու անդամ մի շարք երկրների դեսպաններ այս շաբաթ Սյունիք էին այցելել՝ տեղում ծանոթանալու այս ծրագրերին:
«Մենք մշտապես նոր ծրագրեր ենք ներառում այս նախաձեռնությանը», - նշել է Վասիլիս Մարագոսը:
Այս ամառ Բաքու և Երևան այցելած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը երկու մայրաքաղաքներում հայտարարեց «Գլոբալ դարպաս» ծրագրի շրջանակում նոր՝ մինչև 200 միլիոն եվրոյի ներդրման մասին, որը Բրյուսելը կուղղի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Մայիսին Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ընթացքում էլ կողմերը կապակցվածության գործընկերնության՝ connectivty partnership-ի փաստաթուղթ ստորագրեցին, որն, ըստ Բրյուսելի, լիովին համահունչ է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
Ի՞նչ ծրագրեր է ենթադրում այս օրակարգը, դեռ հայտնի չէ. Եվրամիության դեսպան Վասիլին Մարագոսն ասում է, թե դեռ պետք է քննարկեն:
«Եվրամիությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, մանրամասները պետք է քննարկել նաև հարևանների հետ, պետք է տեսնենք՝ որոնք կլինեն կոնկրետ ծրագրերը», - նշում է Մարագոսը:
Ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններով մի շարք ծրագրեր այժմ էլ իրականացվում են. Հայաստան-Իրան սահմանային նոր անցակետի կառուցումը Եվրամիությունն է համաֆինանսավորում: Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն, օրինակ, մատնանշում է Հյուսիս-Հարավ միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածում եվրոպական ներդրուղները: Թեև միջպետական ճանապարհի մասնագետների կարծիքով ամենաբարդ հատվածում շինարարությունը դեռ չի սկսվել, սակայն,Հայաստանի իշխանությունները խոստանում են մինչ 2031 թվականը կառուցել շուրջ 60 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհահատվածը: Շուրջ երկու տարի առաջ Կառավարությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեց՝ շինարարությունը համաֆինանսավորելու համար: Ըստ Եվրոպական ներդրումային բանկի՝ այս ճանապարհի կառուցման համար ընդհանուր 1 միլիարդ 344 միլիոն եվրո է անհրաժեշտ: 236-ական միլիոն եվրո ներգրավելու համաձայնություն Երևանը նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի հետ ունի:
«Այս ծրագիրը Կապանն ու Մեղրին Երևանին ու շուկային շատ ավելի մոտ կդարձնի», - շեշտում է Հայաստանում ԵՄ դեսպանը:
Բրյուսելը պատրաստ է նաև աջակցել նաև հենց TRIPP նախագծին, Եվրամիության գրասենյակի ղեկավարի խոսքով՝ իրենք այժմ Երևանի ու Վաշինգտոնի հետ քննարկում են, թե մասնակցության ինչ հնարավորություններ կան: