ԱՄՆ նախագահը հերքել է լուրերը, թե այս պահին բանակցում են Իրանի հետ: Լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն ռազմական և ֆինանսական առումով «շատ լավ է գործում» Իրանի դեմ պայքարում՝ պատերազմը որակելով որպես «փոքր հակամարտություն Իրանի դեմ»։
«Ոչ, կարծում եմ՝ մենք չենք բանակցում… մենք ինչ-որ արդյունքի կհասնենք այս կամ այն կերպ։ Դա բավականին շուտով տեղի կունենա», - ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե մարդկանց մեծ մասը կարծում է, որ Իրանի հետ պատերազմում ինչ-որ բան տեղի կունենա նոյեմբերի սկզբին ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ընտրություններից հետո: «Տեսնենք, թե ինչ կլինի,- ասել է նա՝ նկատի ունենալով միջանկյալ ընտրությունները,- Բայց կասեմ հետևյալը՝ այն, ինչ մենք արել ենք Իրանի հետ, ապշեցուցիչ է», - ասել է Թրամփը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեկ էր հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները շարունակվում են յոթօրյա հրադադարի առաջարկի շուրջ, որը նախագահ Թրամփը սկզբնապես մերժել էր անցյալ ամիս։
Երեկ էլ New York Times-ը գրել էր, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր գործողությունների, որոնք կարող են սկսվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո: Հավանական թիրախների թվում են միջուկային օբյեկտները, էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զինանոցները:
Պարբերականը նշել էր, որ խոսքը կարճաժամկետ, բայց ինտենսիվ գործողության մասին է, որը կարող է լուրջ վնաս հասցնել Իրանի տնտեսությանը և ստիպել Թեհրանին զիջումների գնալ։ Նախապատրաստական աշխատանքների շրջանակում զինվորականները ինտենսիվացրել են վարժանքները, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հնարավոր հարձակումները քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Ու մինչ Թրամփը հերքում է, թե Իրանի հետ բանակցում են, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ իրենց ուժերը Պարսից ծոցում նկատել և հարվածել են չորս նավերի, որոնք ներգրավված էին նավից նավ նավթի փոխադրման մեջ: Նավերը հրդեհվել են։
ԻՀՊԿ-ն հավելել է, որ ևս երեք նավ բախվել է ականների Հորմուզի նեղուցից արևմուտք և զգուշացրել է, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից հետագա սրացումը կարող է հանգեցնել իրենց տարածաշրջանային բազաների դեմ ուղղակի գործողությունների։