Մատչելիության հղումներ

Թրամփը հայտնել է՝ երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ բանակցություններ են ընթացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ «շատ լավ քննարկումներ» են տեղի ունեցել, միաժամանակ, սպառնալով Իրանին «շատ կոշտ» հարված հասցնել, եթե համաձայնության չհասնեն։

«Շատ լավ քննարկումներ ենք ունենում։ Նրանք չեն ուզում դա ընդունել, բայց այո, դա մի փոքր անհանգստացնող է, - Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»

«Միակ բանը, որ կարևոր է, գործնական քայլերն են, և նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել։ Կտեսնենք՝ ինչ կստացվի։ Եթե նրանք համաձայնության չգնան, դա նրանց համար շատ վատ կլինի»։

Անդրադառնալով համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցի ճգնաժամին՝ նախագահը վստահեցրել է՝ ջրային ուղին շուտով բաց է լինելու նավագնացության համար․ «[Հորմուզի] նեղուցը շատ շուտով բաց կլինի կամ էլ նրանք [Իրանը] շատ ծանր հարվածի կենթարկվեն, և նեղուցը բաց կլինի»։

Թրամփը Թեհրանին «ուժգին հարվածով» է սպառնացել՝ համաձայնության չհասնելու դեպքում․ «Եթե նրանք կրկին հրաժարվեն համաձայնությունից, շատ ուժեղ հարված կստանան․ նրանք դա գիտեն, նրանք դա հասկանում են»։

Իր խոսքում ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ Իրանը «երբեք միջուկային զենք չի ունենա»։

Օգոստոսի 3-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր՝ Իրանը ներկայումս բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ։

«Այս օրերին ոչ նախատեսվում է ընդունել ամերիկյան պատվիրակություն, ոչ էլ իրանական պատվիրակություն ուղարկել ԱՄՆ»,- ասել էր Բաղային:

Նախօրեին, սակայն, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին։

XS
SM
MD
LG