Մատչելիության հղումներ

Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի այսօր, Թեհրանից չեն մեկնաբանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այսօր՝ հունիսի 14-ին, որին անմիջապես կհաջորդի համաշխարհային առևտրի համար կարևոր Հորմուզի նեղուցի բացումը «բոլորի համար», Թեհրանից, սակայն, դեռ չեն մեկնաբանել նախագահ Թրամփի հայտարարությունը:

Նախագահ Թրամփն ակնարկել է նաև, որ համաձայանգրի համաձայն՝ ամերիկյան ուժերը կկարողանան վերցնել Իրանի բարձր հարստացված ուրանը և ոչնչացնել այն՝ «լինի դա Իրանում, թե Միացյալ Նահանգներում»։

Թրամփն այլ մանրամասներ չի հայտնել համաձայնագրի վերաբերյալ, սակայն ակնկալվում է, որ դա կլինի 60-օրյա ժամկետով փոխըմբռնման հուշագիր, որը կսահմանի բանակցությունների շրջանակը՝ լիարժեք խաղաղության համաձայնագրի հասնելու համար և վերջ կդնի պատերազմին, որը սկսվել էր, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ավիահարվածներ հասցրին Իրանին»։

Մինչ Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել նախագահ Թրամփի հայտարարությունը, իրանական լրատվական գործակալություններն ավելի վաղ կասկածի տակ էին դրել, որ հունիսի 14-ին կստորագրվի համաձայնագիրը, իսկ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել էր, որ հուշագրի ստորագրման ճշգրիտ ժամկետը «կիրակի օրը չի լինի։

Էսմայիլ Բաղայիի մեկնաբանությանը նախորդել էր հակամարտության կարգավորման միջնորդ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հայտարարությունն, ըստ որի՝ Պակիստանն այժմ պատրաստվում է էլեկտրոնային ստորագրման, որը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը փետրվարի 28-ին սկիզբ առավ։ Ապրիլի 8-ից կողմերն անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում, սակայն վերջին շաբաթներին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։


XS
SM
MD
LG