ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է վերանայել այն բոլոր փախստականների գործերը, որոնք երկիր են մուտք գործել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք: Այս մասին նշվում է ԱՄՆ կառավարության ներքին հուշագրում, որին ծանոթացել է Reuters-ը։
Նախադեպը չունեցող այս քայլը կարող է վերաբացել հազարավոր անձանց գործերը, ովքեր ապաստանի համար դիմել էին ԱՄՆ-ին, նշում է գործակալությունը:
Հրամանը կտարածվի 2021 թվականի հունվարի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում երկիր մուտք գործած մոտ 233 հազար փախստականների վրա: Այն նաև կարգադրում է դադարեցնել Բայդենի օրոք երկիր մուտք գործած փախստականների համար մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումների քննարկման բոլոր ընթացակարգերը:
Նոյեմբերի 21-ի գրության մեջ ասվում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն գտնվում են ԱՄՆ-ում, սակայն չեն համապատասխանում փախստականի կարգավիճակի չափանիշներին, կզրկվեն այդ կարգավիճակից: