Եվրոպացի առաջնորդները զգուշացնում են՝ Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմն այս պահին ավելի քան հավանական է։ Այս մասին վերջին 24 ժամերին հայտարարեցին միանգամից երկու արևելաեվրոպական պետությունների ղեկավարներ։ Առաջինը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էր։ Դիմելով լեհական խորհրդարանի՝ Սեյմի անդամներին Տուսկը վկայակոչում էր պաշտոնական Վարշավայի տրամադրության տակ հայտնված հետախուզական տվյալները։
«Սցենարը, որ ամենահավանականն է թվում, բայց միակը չէ, հետևյալն է։ Հատուկ ծառայությունների գնահատականների համաձայն Ռուսաստանի ծրագրերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ են նախատեսում Ուկրաինային աջակցություն ցուցաբերող պետությունների տարածքներին, այդ թվում՝ Լեհաստանին։ Նման հավանականության մասին վաղուց էին խոսում։ Այսօր, սակայն, այդ տեղեկատվությունը շատ ավելի հետևողականորեն է ի հայտ գալիս և, ցավոք սրտի, շատ ավելի վստահելի բնույթ է կրում», - հայտարարում էր լեհական կառավարության ղեկավարը։
Դիմելով լեհ պատգամավորներին՝ Տուսկը նշում էր, որ Ռուսաստանը վերջին ամիսներին փոխել է մարտավարությունը, այդ թվում՝ նոր տիպի անօդաչու սարքերի կիրառման շնորհիվ։ Տուսկի պնդմամբ՝ Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տարածքներին՝ դրանք պատահականություն որակելով։ Դրան էլ գումարած ռուսական կողմը կարող է հարվածներ հասցնել ԵՄ և Մոլդովայի հետ սահմանին գտնվող ուկրաինական անցակետերին ու կամուրջներին։ Դա, ըստ Լեհաստանի վարչապետի, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ձմռան ամիսներին, երբ ռուսական հարվածների հետևանքով էներգետիկ կարողությունների մեծ մասից զրկված Ուկրաինան արդեն իսկ կգտնվի վառելիքային խոր ճգնաժամում։
Տուսկի խոսքով, հենց այս հեռանկարն է, որ ստիպել է Լեհաստանի Զինված ուժերին ՀՕՊ համակարգեր տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բոլոր վեց անկացետերի անմիջական հարևանությամբ։
«Ես չեմ ցանկանում, որ Սլովակիան ներքաշվի պատերազմի մեջ». Ռոբերտ Ֆիցո
Այն նույն ժամերին, երբ Դոնալդ Տուսկը ելույթ էր ունենում Սեյմի պատգամավորների առջև, Բրատիսլավայում լայնածավալ եվրոպական պատերազմի հնարավորության մասին էր խոսում նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Այն, ինչ կասեմ չափազանցություն չէ։ Ես վախենում եմ պատերազմից և ցանկանում եմ այդ մասին խոսել ամենայն լրջությամբ։ Այն, ինչ կատարվում է այսօր Եվրոպայում, կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ Ուկրաինայի հակամարտությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Ստեղծված կացությունը թերագնահատել պետք չէ։ Իրավիճակը երբեք այսքան լուրջ չի եղել», - հայտարարում էր Ֆիցոն:
Սլովակիայի կառավարության ղեկավարը նաև հատուկ ընդգծում էր՝ երկրի իշխանությունները նոր համաեվրոպական պատերազմի մեջ ներքաշվելու ցանկություն չունեն:
«Ես չեմ ցանկանում, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության ինչ-որ հինգերորդ հոդվածի պատճառով Սլովակիան ռազական հակամարտության մեջ ներքաշվի։ Այո, մենք հարգում ենք մեր պարտավորությունները, մենք բարձր ենք գնահատում դրանք, սակայն, որպես վարչապետ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Սլովակիան երբեք որևէ ռազմական հակամարտության մեջ չներքաշվի», - հայտարարում էր Ֆիցոն:
Եվրոպացի առաջնորդների տագնապալից հայտարարություններին նախորդեց Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի ելույթը, որում նա պնդում էր՝ Ռուսաստանը ԵՄ վրա հարձակվելու մտադրություն չունի, սակայն եթե եվրոպացիները հարձակվեն Ռուսաստանի վրա, ապա հակամարտությունը կարող է միջուկային պատերազմի վերածվել։
Արևելյան Եվրոպայի պետությունները փորձում են գտնել հնարավոր հակամարտության կանխման իրենց ձևերը
Փոխադարձ սպառնալիքների և սարսափազդու նախազգուշացումների ֆոնին Արևելյան Եվրոպայի պետությունները փորձում են գտնել հնարավոր հակամարտության կանխման իրենց ձևերը։ Եվ եթե Սլովակիայի կառավարությունը կարծես թե հակված է Ռուսաստանի հետ երկխոսության տարբերակին, ապա պաշտոնական Վարշավայի հիմնական հույսը ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ նախևառաջ Վաշինգտոնի հետ հարաբերությունների սերտացումն է։ Չի բացառվում, որ արդեն առաջիկայում Լեհաստանում տեղակայված ամերիկացի զինվորականների թիվը կտրուկ աճի։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցի իր օգտահաշվում անցած գիշեր գրեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իմ բարեկամ՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու համարձակ նախաձեռնության շնորհիվ, մեծ առաջընթաց է արձանագրվել Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի ստեղծման ուղղությամբ։ Եթե դա տեղի ունենա, շուտով հայտնի կդառնա նաև բազայի տեղակայման վայրը։ Դա պատմական քայլ կլինի Միացյալ Նահանգների և Լեհաստանի հզոր դաշինքի համար», - գրել է Թրամփը։