Մատչելիության հղումներ

Թուրքիայում հայտնի է դարձել ընկած երրորդ անօդաչուի մասին՝ ենթադրաբար ռուսական


«Մերլին» անօդաչու թռչող սարքը, արտապատկերում ՌԴ ՊՆ տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութից
«Մերլին» անօդաչու թռչող սարքը, արտապատկերում ՌԴ ՊՆ տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութից

Թուրքիայի արևմուտքում՝ Բալըքեշիր գավառում անօդաչու թռչող սարք է ընկել:

Ինչպես հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը՝ վկայակոչելով DHA գործակալությանը, անօդաչուն վայր է ընկել Մարմարի ծովից հարավ գտնվող Մանյաս քաղաքի շրջանում: Դատելով լուսանկարներից և տեսանյութերից՝ խոսքը ռուսական «Մերլին-BP» հետախուզական դրոնի մասին է, թեև դրա պատկանելությունը թուրքական իշխանությունների կողմից պաշտոնապես դեռ չի հաստատվել, փոխանցում է «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագիրը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա, գրում է Hürriyet-ը: Տեղի բնակիչներն ինչ-որ բան են նկատել ցորենի արտում, որոնումների արդյունքում հայտնաբերել են բացված պարաշյուտով անօդաչու թռչող սարքը: Ժամանել են ժանդարմերիայի աշխատակիցներ, այդ թվում՝ սակրավորներ և կինոլոգներ: Առաջնային զննությունից հետո դրոնը զինվորական մեքենայով ուղարկել են Անկարա՝ փորձաքննության, նշում է թերթը: Գյուղապետի խոսքով՝ սարքի վրա գրություններ, դրոշներ կամ տարբերանշաններ չկային:

Երեկ հայտնի է դարձել, որ ռուսական «Օրլան-10» հետախուզական անօդաչու թռչող սարքը վայր է ընկել Ստամբուլից ոչ հեռու գտնվող Խոջաելի գավառում, իսկ դեկտեմբերի 15-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թուրք զինծառայողները Սև ծովի վրա «վերահսկողությունից դուրս եկած» դրոն են խոցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG