Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում «Թուրքական ավիաուղիների» օդանավի անիվը վայրէջքի պահին բռնկվել է, որից հետո օդանավակայանը մեկ ժամ փակ է մնացել, հայտնում է Reuters-ը։
Ստամբուլից ժամանող բոլոր 277 ուղևորներն ու անձնակազմի 11 անդամները վթարային ելքերով լքել են Airbus A330 մակնիշի օդանավը, տուժածներ չկան, տեղեկացրել է Նեպալի քաղաքացիական ավիացիայի ծառայության խոսնակը։
Նա մանրամասնել է, որ հրդեհը օդանավի փորային մասի աջ անիվում է բռնկվել։ Այն մեկուսացվել է։
Ավիաընկերությունից էլ հայտնել են, որ հրդեհը հայտնաբերվել է, երբ օդանավը ղեկուղու վրա էր գտնվում։
Ըստ «Թուրքական ավիաուղիների» փոխնախագահի, ծուխը առաջացել է տեխնիկական անսարքության պատճառով։ Ինքնաթիռն առայժմ չի շահագործվի։ Հետադարձ թռիչքը սպասարկելու համար կօգտագործվի մեկ այլ օդանավ։