Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ու Ազգային հետախուզական կառույցի ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել են Դամասկոս՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպելու։
«Ֆրանսպրես»-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, թե Անկարան մտադիր է քննարկել Թուրքիայի հետ սահմանին գործող քրդական խմբավորումները զինաթափելու, դրանք մինչև այս տարեվերջ Սիրիայի պաշտպանական կառույցներին ինտեգրելու ծրագիրը, որի շուրջ համաձայնագիր էր ստորագրվել դեռ անցած գարնանը։
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարարը քրդական զորամիավորումներին զգուշացրել էր, որ հիմնական դերակատարների համբերությունը «սպառվում է»՝ խորհուրդ տալով էլ ավելի չձգձգել այդ գործընթացը։