Մատչելիության հղումներ

«Տուրիզմ՝ ճայթուկների ու հայհոյանքների ներքո». ինչպես Սևանավանքը «ճանապարհեց» ֆրանսիացի հյուրերին

Զբոսավար Վարդան Քոսակյանի ֆրանսիացի հյուրերը Սևանավանքից տպավորված են հեռացել ոչ միայն կապուտաչյա գեղեցկուհու տեսարանով ու վանքի պատմությամբ, այլև՝ տեղի վաճառականով։ Նռան հյութ վաճառող տղամարդն աջուձախ ճայթուկներ էր արձակում, իսկ զբոսավարի դիտողությանը բռունցքներով է պատասխանել:

«Ոնց որ ինքը թագավորն էր էդ կողմերի, ես էլ ստրուկ էի, ծառա էի, համարձակվեցի իրեն դիտողություն անել: Միանգամից ուժեղ ապտակեց ինձ, չկարացա դիստանցիա պահեմ, որ էդ ապտակը չստանամ: Դռները փակեցի, լոք արեցի, որ չմոտենա, որովհետև իրան ինչ-որ մեկը պահել էր, ինքը հայհոյախառն փորձ էր անում հարձակվել իմ վրա: Իջնելուց մեքենայիս ձեռքով խփեց: Մի հատ քարով հարվածեց մեքենայիս», - պատմեց Վարդան Քոսակյանը:

Հասարակ դիտողությունից ծագած պատմությունը դարձել է քրեական գործի առիթ: Քննչականը քրեական գործ է հարուցել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով, ձերբակալված ու մեղադրյալ դեռ չկա. «Ինքը մոտեցել էր դանակը ձեռքը, ոնց որ չգիտեմ՝ ում ա բռնել, ես իրան ի՞նչ եմ արել»:

Ֆրանսիացի ամուսինների՝ հայաստանյան այցի վերջին կանգառը Սևանն էր, որտեղից նրանք ստիպված են եղել պարզապես փախչել: Քոսակյանն անմիջապես զանգահարել է ոստիկանություն, առաջարկել են ներկայանալ, բայց բացատրել է՝ չի ուզում էլ ավելի անհանգստացնել հյուրերին: Հանդիպել են Սևանից դուրս՝ Երևան տանող ավտոճանապարհին: Մինչ պարեկներն արձանագրում էին միջադեպը, Երևան տանող ճանապարհին նրանց է մոտեցել մի ավտոմեքենա։

«Միանգամից մոտեցան, մուննաթով՝ «ինչ ա եղել», հարցրեցի՝ «ո՞վ եք», միանգամից փոխվեց, հո չէին ասելու մենք ընդեղից ենք, եկել ենք քեզ ճամփին բռնենք, ասացին՝ «ուզում ենք տեսնենք հո տեխնիկական խնդիր չկա, ակ չի ծակվել», ասացի՝ «չէ, ամեն ինչ նորմալ է», - ասաց նա:

Զբոսավարը պատմում է, որ ոստիկանների ներկայությամբ անծանոթ տղամարդիկ հայհոյել ու սպառնացել են իրեն, լուսանկարել մեքենայի համարանիշներն ու հեռացել։ Իրավապահները, ըստ նրա, որևէ կերպ չեն միջամտել. «Որ ես ասեցի ոչ մի բան չի եղել, կարանք ոստիկանների հետ մենակ մնանք, դա իրենց դուր չեկավ: Ըտեղ էլի հայհոյանքներ ոստիկանի մոտ, ես համարում եմ էս կետում, որ ոստիկանները թերացել են, նախ, ինչի չեք ճշտում ովքեր են, իրենց էդքան հնարավարություն եք տալիս ձեր մոտ մարդուն հայհոյեն ու սպառնան: իմ ավտոյի համարներն են նկարել ու գնացել»

Ինչպե՞ս այդ տղամարդիկ հայտնվեցին ավտոճանապարհին, ո՞վ նրանց հայտնեց իրենց գտնվելու վայրի մասին. զբոսավարը եզրահանգում է՝ կամ համակարգում ծանոթներ ունեն, նրանցից են ճշտել, կամ էլ՝ պարզապես տեսան ճանապարհին կայանված ավտոմեքենաները, մոտեցան:

Ոստիկանական բաժանմունքում ցուցմունք գրելուց հետո արդեն Քոսակյանը հյուրերին ապահով հասցրել է Երևան. «Մի կարևոր հարց կա՝ ինչո՞ւ են ոստիկանները թույլ տվել, որ այդ տարածաշրջանում նման հանցագործներ աճեն: Ինչ-որ մեկը չի կարա հետս վիճի, որ դա ոստիկանների գործը չի»:

Տուրիստներին հազարամյա Հայաստանի հետ ծանոթացնող զբոսավարը նկատում է՝ ամեն անգամ մի արատավոր երևույթի է բախվում. «Ամենակարևոր պատմամշակութային հուշարձանների մոտ մինիմում բանը ասեմ, որ մաքսիմումն ա՝ տիրում ա կատարյալ խոզություն, հազարավոր ծխախոտի մնացորդներ են գցած, առևտրականների ատելությամբ լցված մոտեցումը տուրիստներին, եթե իրենցից բան չես առնում, ուրեմն դու եսիմ ով ես, գիդերի հանդեպ»:

Երկար տարիներ Հայաստանի մշակույթի մասին օտարներին պատմող Վարդան Քոսակյանը ոստիկանության բացթողումն է համարում տեղի ունեցածը: Կարծում է՝ նման վայրերում հսկողության կարիք կա, ոստիկանությունը թող պատշաճ ձևով իր գործն անի՝ ասում է:

«Ես չեմ ասում կառավարեք նենց, որ Աժդահակից մի օր հրաբուխ դուրս չգա, ընդամենը պահանջում ու խնդրում եմ, որ կառավարեն այդտեղ եղած մարդկանց, տեսնեն ինչ է կատարվում, որ վաղը, մյուս օրը ավելի մեծ տրագեդիա չլինի», - ասաց զբոսավարը:

Չնայած տհաճ միջադեպին, Ֆրանսիացի ամուսինները Հայաստանից մեծամասամբ գոհ ու տպավորված են հեռացել. «Տվյալ դեպքը չի կարող նստվածք չտա, դա ոտք տրորել չի, համեղ ուտել չուտել չի, դա լուրջ դեպք ա»:

Ֆրանսիացի ամուսիններին այսօր հայրենիք ճանապարհած Քոսակյանն այժմ քրեական գործով տուժող է ճանաչվել։ Մինչ քննիչները փորձում են պարզել հարձակվողների ինքնությունը, Ներքին գործերի նախարարությունում համաձայն չեն, թե պարեկները անգործություն են դրսևորել:

«Ազատությանը» հայտնում են՝ ոստիկանները պատշաճ ընթացք են տվել զբոսավարի բողոքին և որևէ թերացում թույլ չեն տվել՝ գործել են օրենքի սահմաններում:



XS
SM
MD
LG