Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Բաքու, հանդիպել մի շարք բարձրաստիճան զինվորականների հետ


Սելջուք Բայրաքթարօղլու-Զաքիր Հասանով հանդիպում Բաքվում, 22-ը մայիսի, 2024թ․
Սելջուք Բայրաքթարօղլու-Զաքիր Հասանով հանդիպում Բաքվում, 22-ը մայիսի, 2024թ․

Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն երեկ ժամանել է Բաքու, հանդիպումներ ունեցել Ադրբեջանի բանակի մի շարք բարձրաաստիճան զինվորականների հետ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը, ադրբեջանական կողմը նախ ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության վրա, ապա ներկայացրել «բանակում իրականացված բարեփոխումների դրական արդյունքները»։

Թուրքական կողմն իր հերթին շեշտել է նման հանդիպումների կարևորությունը «երկու եղբայրական երկրների ռազմական համագործակցության զարգացման գործում»։

Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Այնուհետև թուրքական պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևի և պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայի հետ։

Հանդիպումների ժամանակ գոհունակություն է հայտնվել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ներկա վիճակի շուրջ՝ «հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա»։

Պաշտոնական այցի շրջանակներում թուրքական պատվիրակությունն այցելել է նաև Ցամաքային զորքերի շտաբ, հանդիպել պաշտպանության փոխնախարար - ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի հետ։ Հանդիպմանը ընդգծվել է զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը։

Բաքուն ու Անկարան բազմիցս են հայտարարել, որ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ինչպես Թուրքիան է Ադրբեջանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, այնպես էլ Ադրբեջանն է եղել և մնում Թուրքիայի կողքին։ Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ մեկ անգամ չէ հայտարարել, որ «Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG