Մատչելիության հղումներ

Թբիլիսին շարունակում է շարժվել դեպի ԵՄ-ին լիարժեք անդամակցություն. Կոբախիձե

Թբիլիսին շարունակում է շարժվել դեպի Եվրամիությանը լիարժեք անդամակցություն, Անթալիայի ֆորումին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Սակայն մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն ինքը կանգնած է լուրջ և հիմնարար մարտահրավերների առջև։ Դա մեզ շատ է անհանգստացնում, և մենք հույս ունենք, որ իրավիճակը կփոխվի ապագայում»,-ասել է նա:

Կոբախիձեն հավելել է, որ Վրաստանը ձգտում է ամրապնդել Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ հանգույցի իր կարգավիճակը:

Եվրահանձնաժողովը երկու տարի առաջ, վկայակոչելով այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» և սեռական փոքրամասնության դեմ Վրաստանում ընդունված վիճահարույց օրենքները, ինչպես նաև Եվրամիության դեմ ուղղված «վրացի պաշտոնյաների խոսույթները», եզրակացրել էր՝ «քանի դեռ Վրաստանը ետ չի կանգնել այս ուղուց, որը վտանգում է իր ճանապարհը դեպի ԵՄ, և ի ցույց չի դրել շոշափելի ջանքեր՝ առանցքային բարեփոխումները իրագործելու և առկա մտահոգությունները փարատելու ուղղությամբ, հանձնաժողովը Վրաստանի հետ անդամակցության բանակցություններ սկսելու հանձնարարական չի տա»: Իսկ նախորդ տարի հայտարարել էր՝ ԵՄ-ին անդամակցելու քայլերը ժամանակավորապես կասեցրած Թբիլիսիիի ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակը մնացել է միայն ձևական:

Վրաստանում հակակառավարական ցույցեր սկսվեցին, երբ իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցնում են Եվրոպական միության անդամակցության շուրջ բանակցությունները: Այդ ընթացքում տասնյակ ցուցարարներ էին ձերբակալվել: Արևմուտքն ի պատասխան մի շարք պատժամիջոցներ է կիրառել վրացի պաշտոնյաների նկատմամբ՝ ցույցերի ժամանակ մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար:

XS
SM
MD
LG