Մատչելիության հղումներ

Սովահար զինվորներ. մարդուժի նոր ճգնաժամ ուկրաինական բանակում

Ուկրաինացի զինծառայողների հարազատների հրապարակած լուսանկարներից
Ուկրաինացի զինծառայողների հարազատների հրապարակած լուսանկարներից

Ամիսներ շարունակ ուկրաինացի զինվորները պայքարում էին՝ գրավելու, ապա պահպանելու Խարկովի շրջանի Կուպյանսկ քաղաքը, որով անցնում է ոչ միայն Օսկիլ գետը, այլև մինչև երկրի արևմտյան մասը ձգվող կարևոր, թեպետ չգործող երկաթգիծը։

Ռուսներն անցած աշնանը, ստորգետնյա խողովակաշարն օգտագործելով հատելով գետը, անակնկալ հարձակում էին նախաձեռնել, սակայն Ուկրաինայի 14-րդ մեխանիզացված բրիգադի և այլ ստորաբաժանումների զորքերը հիմնականում պահպանել են զբաղեցրած դիրքերը, ինչը մռայլ առաջնագծի լուսավոր կետերից է։

14-րդ բրիգադը, սակայն, ծանր գին է վճարել դրա համար։

Բրիգադի զինծառայողների հարազատները նախորդ շաբաթ հյուծված զինվորների լուսանկարները հրապարակեցին՝ բարձրաձայնելով իրենց դժգոհությունը։ Ըստ հարազատների՝ դա թերի մատակարարման, անհրաժեշտ քանակությամբ սննդի և ջրի բացակայության, ինչպես նաև վատ կառավարման արդյունք է։

Օլգայի ամուսինը 14-րդ բրիգադում է ծառայում։ Կնոջ փոխանցմամբ՝ ամուսինը բրիգադի այլ ծառայողների հետ օրեր շարունակ զրկված է եղել սննդից և ջրից։
«Նա գրել էր ինձ, ասում էր՝ «Ես ողջ եմ, բայց մենք սովամահ ենք լինում», - «Ազատության» ուկրաինական ծառայությանը պատմել է Օլգան՝ շարունակելով. - «Գրելու պահին ինն օր հաց չէին կերել»։

«Դուք հասկանո՞ւմ եք՝ որքա՞ն կարող է ստամոքսդ առանց սնունդ գործել», - «Ազատությանը» բողոքել է մեկ այլ զինծառայողի կին՝ Անաստասիան. - «Նախ, ստամոքսդ պարզապես դադարում է գործել։ Հետո վրա է հասնում ջրազրկումը. ջուր չընդունելու պատճառով նրանց ոտքերը ցավում էին»։

Ազդեցիկ այս լուսանկարները և հարազատների բողոքը չորս տարուց ավելի պատերազմի մեջ գտնվող, ուժասպառ, հաճախ նաև բարոյալքված ուկրաինական հասարակության զգայուն նյարդին դիպան։ Դրանք գրավեցին Ուկրաինայի ռազմական ղեկավարության ուշադրությունը, որը դժվարությամբ է ապահովում կայուն զորահավաքը՝ ավելի խոշոր ռուսական բանակին դիմագրավելու համար։

Ապրիլի 24-ին գեներալ Ալեքսանդր Սիրսկին 14-րդ բրիգադի հրամանատարին հեռացրեց զբաղեցրած պաշտոնից։

Բրիգադի հրամկազմը «թաքցրել է իրական վիճակը, այդ թվում՝ որոշ դիրքերի կորուստը և զինծառայողների կարիքների ապահովման սխալ հաշվարկները», - հայտնել են զինված ուժերի գլխավոր շտաբից՝ մանրամասնելով, որ խնդիր են հայտնաբերել բրիգադի դիրքերից մեկին սննդի մատակարարման հարցում։

2022-ի փետրվարին ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Ուկրաինան հենվել է ոչ միայն իր քաջության և վճռականության, այլև արևմտյան զինատեսակների լայնածավալ մատակարարման վրա։ Ռազմի դաշտ բավարար քանակով մարդ ուղարկելը, սակայն, շարունակում է լրջագույն խնդիր մնալ։

Օրենսդիր մարմնից և նախագահ Վլադիմիր Զելենսկուց երկու տարի պահանջվեց զորահավաք անցկացնելուն առնչվող օրենսդրությունը փոփոխելու համար։

Այդուհանդերձ, հավաքագրումը խնդիրներով է ուղեկցվում։

Որոշ հրամանատարներ շարունակ բարձրաձայնում են պատշաճ վերապատրաստում անցած զինծառայողների պակասի մասին։ Հավաքագրման համար ստորաբաժանումներն առանձին իրազեկող արշավներ են իրականացնում։

Զորակոչից խուսափելը նույնպես տարածված է։ Զորակոչի ապակենտրոնացված համակարգը կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքների պատճառ է դարձել։

Առավել կոփված ստորաբաժանումները, որոնց հայտնի օրինակներից է Երրորդ գրոհային բրիգադը, հիմնականում պահպանել են կայուն մարդուժը, թեպետև նրանց հաճախ հրահանգվել է միանալ խոցելի դիրքերի պաշտպանությանը։

Այլ ստորաբաժանումներ, սակայն, դժվարացել են և՛ մարդուժի, և՛ նորակոչիկներին վերապատրաստելու հարցերում։

Տխրահռչակ օրինակներից է արևմտյան վերապատրաստում անցած 155-րդ մեխանիզացված բրիգադը, որում տարածված է դասալքությունը, հանցավորությունը, և որի հրամկազմը հանրային պարսավանքի է արժանացել։ Բրիգադի՝ առաջնագիծ տեղափոխվելուց օրեր առաջ հրամանատարը հեռացվել էր աշխատանքից։

Կուպյանսկի մերձակայքում տեղակայված 14-րդ բրիգադի պարագայում, հարազատները «Ազատությանը» և ուկրաինական այլ լրատվամիջոցների փոխանցել են, որ ստորաբաժանումը սննդի մատակարարման պակասի է բախվել, հնարավոր է՝ յոթ ամիս շարունակ։

Անաստասիա Սիլչուկը, որը մեկ այլ զինծառայողի կին է, նախորդ շաբաթ Ֆեյսբուքում հյուծված տղամարդկանց լուսանկարներ է հրապարակել՝ փոխանցելով նրանց խոսքը. - «Յոթ ամիս է՝ սննդի, ջրի և վառելիքի մատակարարումը շարունակ ուշանում է։ Հաճախ ենք ուշաթափվում՝ ֆիզիկապես ի վիճակի չլինելով պաշտպանել դիրքերը։ Հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ ուշագնաց լինելու պատճառով ի վիճակի չենք լինում պաշտպանել դիրքերը»։

Հրամկազմը և զինվորական պաշտոնյաները չեն հերքել մատակարարումների սակավությունը՝ ստեղծված իրավիճակը մասամբ պատճառաբանելով Օսկիլ գետի մյուս ափ սնունդ հասցնելու բարդությամբ։ Ըստ պաշտոնյաների՝ առաջնագիծ սահմանափակ քանակությամբ մատակարարումներ ավելի ու ավելի հաճախ են անօդաչուների միջոցով իրականացվում։

«Լոգիստիկայի առումով իրավիճակն արդեն կայունացել է, թեպետ չափազանց բարդ է մնում», - «Ազատությանն» ասել է բրիգադի խոսնակ Նադիա Զամրիան՝ հավելելով, որ «այս ամենը կատարվում է թշնամու [անօդաչուների] կողմից խիստ հսկողության պայմաններում»։

Լոգիստիկ խնդիրն առաջնային չէ 14-րդ բրիգադի համար, «Ազատությանը» հայտնել է ռազմական իրավապաշտպան Օլգա Ռեշետլյովան՝ մատնանշելով ավելի լայն խնդիրներ, այդ թվում՝ առաջնագծից հեռու տեղակայված ուժասպառ ստորաբաժանումների առկայությունը։

«Խնդիրը կոնկրետ այս ստորաբաժանումը չէ, այլ զորքերի դուրսբերման կամ նահանջի մասին ճիշտ ժամանակին որոշումներ ընդունելու ավելի լայն հարցը», - «Ազատությանն» ասել է նա։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Իգոր Ռոմանենկոյի դիտարկմամբ՝ Կուպյանսկին հարող մատակարարման ուղիները գետը դժվարանցանելի է դարձնում։

«Փաստն այն է, որ այս հանգամանքը պետք է հայտնի լիներ բարձրաստիճաններին», - «Ազատությանն» ասել է նա։ Ռոմանենկոյի գնահատմամբ՝ «ղեկավարությունը պարտավոր է վերահսկել իրավիճակը։ Նրանք տեղակալներ, այլ ենթականեր ունեն իրավիճակը օբյեկտիվորեն վերլուծելու համար»։

53-րդ մոտոհրաձգային բրիգադի նախկին հրամանատար, գնդապետ Անատոլի Կոզելի պնդմամբ՝ սպաները հաճախ են մոլորեցնում վերադասներին՝ թյուր տեղեկություններ տալով ոչ միայն լոգիստիկ խնդիրների, այլև գետնի վրա գոյություն ունեցող պայմանների կամ պաշտպանական դիրքերի կարգավիճակի մասին։

«Առաջնագծում դիրքեր կան, որոնք չեն համապատասխանում իրական մարտավարական վիճակին։ Կան դիրքեր, որոնք երկար ժամանակ չեն համալրվել. դիրքեր, որոնց հետ կապ չկա… իսկ բրիգադի հրամանատարը պարզապես վախենում է զեկուցել այդ մասին», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնել է Կոզելը՝ եզրափակելով. - «Եթե քեզ հաճախակի են մոլորության մեջ գցում, պետք է ինքդ գնաս՝ տեսնելու»։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG