Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անվանումը, ոչ թե սոցիալական հարցերի, այլ բարեկեցության. «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների թեկնածուներին ներկայացնելիս հընթացս փոխեց անվանումը:
«Հիմնական միտքը եկել է դեռևս նախընտրական ծրագրի մշակման ընթացքում՝ «Քաղաքացիական պայմանագրի», - ասաց ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նազելի Բաղդասարյանը։
ՔՊ-ի կուսակցական ծրագրում բարեկեցություն բառը շատ ենք տեսնում՝ հարստանալու, որտեղ հաց, այնտեղ կենալու, պետությունը բարեկեցության գործիք դիտարկելու համատեքստում։ Շուտով բառը նաև պետական գերատեսչության ցուցանակին կհայտնվի։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն էլ կվերանվանվի աշխատանքի ու բարեկեցության նախարարություն։
«Ոչ միայն զուտ տիտղոսային անվանումն ենք փոխում, այլ ուզում ենք փոխել տվյալ գերատեսչության առաքելությունը, բովանդակությունը», - նշեց Բաղդասարյանը։
Ո՞րն է նոր փիլիսոփայությունը. «Երբ որ մենք փոխում ենք փիլիսոփայությունը, մենք ուզում ենք ոչ միայն սոցիալական այդ խնդիրները դնել առանցքում, այլ մարդուն տալ հնարավորություն, կարողություններ, հմտություններ, որպեսզի մարդը ապրի բարեկեցիկ»։
Ըստ բարեկեցության հանձնաժողովի նախագահի թեկնածուի՝ 90-ականներից է սկսվել մարդկանց կախվածությունը տարբեր նպաստներից։ Հիմա ուզում են ոչ թե նպաստով ապրեն մարդիկ, այլ կրթվեն, աշխատեն ու բարեկեցիկ ապրեն։
Կառավարության հնգամյա ծրագրում բարեկեցության նախարարության մասին խոսք չկա, բայց աղքատությունը կրկնակի կրճատելու խոստում կա։ Այսինքն՝ այս տարի Հայաստանում աղքատության ցուցանիշը պիտի 13.5 տոկոսից ցածր լիներ։ Վիճակագրական կոմիտեն առայժմ 24-ի պատկերն է ներկայացրել, և ոչ մի հույս, որ աղքատության կրկնակի նվազում է լինելու։ Վերջին պաշտոնական թվով Հայաստանում 21.7 տոկոսը՝ ավելի քան 600 հազար մարդ աղքատ է, 18 հազարն էլ ծայրահեղ աղքատության մեջ են ապրում։ Այսինքն՝ ամսական մինչև 29000 դրամ են ծախսում:
Աղքատության շատ ավելի ծանր պատկեր է մի քանի մարզերում. Շիրակում այն 43 տոկոսի է հասնում:
«Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում», - հայտարարել է Փաշինյանը:
Աղքատության պատճառն այն չէ, որ գործ չկա անցած տարեվերջին բացատրում էր վարչապետ Փաշինյանը ուղղակի մարդիկ հմուտ չեն, ժամանակին չեն կրթվում. «Եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը»։
«Ինքը ունի՞ կրթություն, որ ինքը կրթություն է պահանջում», - այս տղամարդու կարծիքով միայն կրթությամբ բարեկեցության հասնել չի լինի, նաև աշխատատեղեր ու արժանապատիվ աշխատավարձ է պետք։ Կարծում է՝ «բարեկեցությունից դեռ շատ ենք հեռու, բայց եթե անունը փոխում են որպես ձգտում, լավ»։
Քաղաքացիներից ում հարցրինք դեմ չեն. բարեկեցություն ավելի լավ է հնչում, քան սոցիալականը։ Հարմար հոմանիշներ էլ ունի՝ դյուրակեցություն, բարօրություն, կարող է լինել փարթամակեցության նախարարություն, միայն թե ասում են՝ իր գործն անի։
Ի դեպ, Վիճակագրական կոմիտեն աղքատության պատկերը ներկայացնում է նաև բնակչության զրկվածության տեսանկյունից։ Հայաստանի բնակչության ամեն երրորդը ձմռանը տունը տաքացնել չի կարողանում։ 80 տոկոսը գոնե մի շաբաթով չի կարող հանգստի գնալ։ 65 տոկոսը, եթե անսպասելի 45000 դրամ պետք գա, չունի, պարտք է անում։ Շուրջ 50 տոկոսը օր ու մեջ անգամ մսով ճաշ չի ուտում։ Պատկեր, որ շատ հեռու է բարեկեցությունից, առավել ևս փարթամակեցությունից։