Մատչելիության հղումներ

««Շողակաթին» եթերից զրկելը ցույց է տալիս՝ թիրախը Հայ Առաքելական եկեղեցին է». իրավապաշտպան

Մայր Աթոռի «Շողակաթ»-ի դեմ իշխող ուժի պայքարը հանգուցալուծվում է: Կառավարության որոշումն արդեն կա, լուծարում են հոգևոր-մշակութային ալիքը, որով հեռարձակվում է «Շողակաթը»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կասկած չունի հոգևոր-մշակութային ալիքը եթերից զրկելու որոշումը իր ձևակերպմամբ՝ «եկեղեցու դեմ Փաշինյանի ասապտակության շրջանակում է»:

««Շողակաթի» դեմ պայքարը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու այն հանգամանքը, որ սա անձի դեմ ուղղված գործընթաց չէր, սա համակարգված, մտածված, կանոնակարգված, ուղղորդվող գործողություներ էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ», - ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Հեռուստաընկերության դեմ ՔՊ-ականները սկսեցին խոսել 2024-ից, երբ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանը Փաշինյանին հեռացնելու նպատակով շարժում սկսեց:

ՔՊ-ականներից Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում ուղիղ առաջարկեց՝ փակել «Շողակաթն» ու այդ գումարը տալ Հանրային հեռուստաընկերությանը:

Հետո նրա թիմակիցներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը գործի անցան: Օրենքի նախագիծ գրեցին, թե կրթական, մշակութային ծրագրերի դիտումները ցածր են, ալիքի հեռարձակման համար պետբյուջեից հատկացվող գումարը վատնում է: Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն այս պնդումները որակել էր մերկապարանոց, իսկ բուն նպատակը՝ հաշվեհարդար Մայր Աթոռից:

«Այո, սա ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու դեմ, թիրախավորված պայքարի ասպատակության շրջանակում», - ասում է Լիլիթ Գալստյանը:

Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանը շեշտում է.- «Ինչ վերաբերում է պետության դեմ եկեղեցու ասպատակությանը, ես դա չեմ մեկնաբանի»:

Պետական միջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային, կրթական «Շողակաթը»: Կառավարության որոշմամբ հոգևոր-կրթական ալիքն էլ չի լինի:

«Անգամ, եթե լիներ ցուցանիշներ, անգամ, եթե դա իսկապես ցածր դիտելիություն ունեցող ալիք լիներ, երբ խոսքը գնում է քո ինքնության պահպանման էլեմենտների մասին, հնարավորությունների, գործիքակազմերի մասին, այո, դու պետք է կարողանաս ներդնես, դու որպես պետություն պետք է կարողանաս ներդնես ամեն հարթակում, ամեն վայրում, ամեն միջոց, ամեն գործիք պետք է սատարես, որպեսզի կարողանաս քո ինքնությունը մի փոքր դետալով ավելացնել», - ընդգծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Հանրային հեռարձակողի խորհուրդը հենց սկզբից էր դեմ ՔՊ-ականների ծրագրին: Խորհրդի մասնագիտական հիմնավորումը իշխանությունը հաշվի չառավ:

«Ես ուրախ եմ, որ հանրային հեռարձակողի խորհուրդը իր բացասական կարծիքը հայտնել է այս նախաձեռնությանը և ճիշտ հիմնավորումներով», - շեշտում է հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը:

Փաշինյանի թիմակիցների այս քայլի քաղաքական դրդապատճառների մասին «Շողակաթ»-ի տնօրենը չէր ցանկացել խոսել: Ի՞նչ են անելու, հոգևոր-մշակութային ծրագրերի թողարկումը շարունակելո՞ւ են ու ի՞նչ ճանապարհով, այսօր «Շողակաթ»-ից ճշտել չհաջողվեց: Կառավարության այսօրվա օրակարգում Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող մի նախագիծ էլ կար: Այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG