Շիրակի մարզում այսօր վթարի հետևանքով տուժածներից սանավիացիայի ուղղաթիռով Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Սանավիացիայի հերթապահ բժշկի փոխանցմամբ՝ նա գանգուղեղային վնասվածք ունի, թոքերի ծանրագույն սալջարդ, կոնքի, սրունքների կոտրվածք:
«Ազատության» տեղեկություններով՝ նա 28 տարեկան կին է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա միացված է արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված է):
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում այսօր բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, կա վեց զոհ, այդ թվում՝ երկու երեխա: «Ազատության» տեղեկություններով՝ զոհված երկու և տուծած երեք երեխաները նույն ընտանիքից են, «Էրեբունի» ԲԿ տեղափոխված կինը նրանց մայրն է: Զոհերի թվում են նաև կնոջ ամուսինը և ամուսնու մայրը:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի. 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: ԱՆ-ից փոխանցել էին, որ կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: