Մատչելիության հղումներ

Ողբերգական վթար Շիրակի մարզում. վեց մարդ է զոհվել, նրանց թվում՝ երկու երեխա

Լրացված

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում այսօր երկու մեքենաներ են բախվել: Վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել, նրանցից երկուսը՝ երեխա, հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Տուժել է 11 քաղաքացի:

Դեպքի մասին ահազանգ ստացվել է այսօր՝ ժամը 11։51-ին:

Տուժածներից 28-ամյա մի կին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Բուժառուն մեզ մոտ է տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոնից, այնտեղ ընդունվել է վթարից հետո, հետազոտվել է, անցկացվել է արհեստական շնչառության սարքին և ծանր իրավիճակով տեղափոխվել է մեզ մոտ: Մեզ մոտ հիվանդին կրկնակի հետազոտել ենք, ունենք համակցված բավականին բարդ վնասվածքներ՝ գանգուղեղային ծանր վնասվածք ունի, կրծքավանդակի սալջարդ, թոքերի վնասվածք, կոնքի կոտրվածք և ունենք ձախ ստորին վերջույթի բավականին լուրջ վնասվածք՝ խորը վերքով, ոսկորի կոտրվածքով», - տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նրա ներկայացմամբ՝ կինն անգիտակից վիճակում է, արհեստական շնչառությամբ է, կյանքին սպառնացող բավականին լուրջ վտանգով. «Տվյալ պահին շարունակվում են մեր հետազոտությունները և պայքարում ենք կյանքի համար»:

«Ազատության» տեղեկություններով՝ զոհված երկու և տուծած մյուս երեք երեխաները, որ տեղափոխվել են «Ուիգմոր» ԲԿ, նույն ընտանիքից են, «Էրեբունի» ԲԿ տեղափոխված կինը նրանց մայրն է: Զոհերի թվում են նաև կնոջ ամուսինը և ամուսնու մայրը:

Տուժած երեք երեխաների առողջական վիճակի մասին տեղեկություն այս պահին չի հաղորդվում:

Տուժածներին նախքան երևանյան բուժհաստատություններ տեղափոխելը նախ Շիրակի մարզում են առաջին բուժօգնություն ցուցաբերել:

«Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր. «12:30-ի սահմաններում և դրանից հետո Գյումրի բժշկական կենտրոնի երկու մասնաշենքեր՝ մանկական ու մեծահասակներ տեղափոխվել են 8 հոգի, որից մանկական մասնաշենք տեղափոխվել է 5 երեխա, որից 2-ը մահացած են եղել, 3-ը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են մանկական բաժանմունք, այնտեղ կազմակերպվել է առաջին բուժօգնությունը»:

«Այստեղ տեղափոխվել են երեք մեծահասակներ, մեկը մահացած է եղել, երկուսը՝ բազմաթիվ վնասվածքներով», - հավելել էր Խաչատրյանը:

Տուժած մեծահասակներից մեկը, ըստ «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրենի, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG