Շաքիի դեպքը չի խոսում այն մասին, որ Հայաստանի սահմանի հետ կապված կա համակարգային խնդիր, այս թեմայով խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբիելյանը:
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի երեխաները: Մայրը, ըստ հարազատների, երեխաներին պաշտպանելիս ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Ըստ Բաքվի, նա սեպտեմբերի 26-ին էր ինքնակամ լքել Լաչինի զորամասը
Վիլեն Գաբրիելյանը տեղի ունեցածը որակեց կրիմինալ միջադեպ. «Սովորական կրիմինալ միջադեպ է, որովհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանը ապօրինի հատում, որի շրջանակում նաև ունեցել ենք դեպք հրազենի օգտագործման և այո, ինքը ինքը ոչ սովորական է, քանի որ փաստացի այլ երկրի քաղաքացի է դեպքի հեղինակը, Էդ առումով այդքանով ա անսովոր»:
Միևնույն ժամանակ Գաբրիելյանն ընդգծեց, որ այնուամենայնիվ սահմանային գոտում խնդիրներ կան: «Մեր գերատեսչության մեր գործընկերները, իհարկե, ընդունում են, որ մենք ունենք խնդիրներ և մեր խնդիրը հենց դա ա, եղած դեպքի վերաբերյալ արձանագրված խնդիրները վերլուծել և էդ խնդիրները շտկել, որպեսզի հնարավորինս կարողանանք նմանատիպ դեպքերը զսպել կամ ռիսկերը կառավարել», - պնդեց նա:
Չբացառելով, որ առաջիկայում էլ կարող են լինեն նմանատիպ դեպքեր, Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ նմանատիպ դեպքերը կարող են տեղի ունենալ ներկայումս այն պատճառով, որ Հայաստան-Ադրբեջան սահմանն ամբողջությամբ սահմանազատված չի:
Փակ քննարկմանը մասնակցել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Գաբրիելյանի գնահատմամբ՝ ընդդիմադիրներն իրենց հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ են ստացել։
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ասաց. «Մենք հնչեցրինք մեր մտահոգությունները, ուժայինները տվեցին պատասխաններ: Որոշ հարցերի վերաբերյալ ես այլ մոտեցումներ ունեմ»:
Իսկ թե ինչո՞ւ քննարկմանը չի մասնակցել «Ուժեղ Հայաստանը», հանձնաժողովի նախագահը նշել է, որ տեղյակ չէ։
Քննարկմանը ներկա են եղել պաշտպանության և ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենն ու Քննչական կոմիտեի նախագահը։ Նրանք, սակայն, լրագրողների հետ չեն խոսել: