Ազգային ժողովում մեկնարկել է ընդդիմության նախաձեռնությամբ փակ հանդիպում՝ Շաքիի դեպքերը քննարկելու համար:
Հանդիպմանը մասնակցելու համար խորհրդարանում են պաշտպանության և ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը:
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի երեխաները: Մայրը, ըստ հարազատների, երեխաներին պաշտպանելիս ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Այդ ընթացքում նաև Անի Ավետիսյանի որդու դաստակն է կոտրվել:
Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: