Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի, և Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մասնագետների կողմից հուլիսի 14-21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ ստուգման ընթացքում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտարարում է ՍԱՏՄ մամուլի խոսնակը՝ միաժամանակ նշելով, որ համատեղ վերահսկողության արդյունքները ռուսական կողմը դեռ չի տրամադրել:
Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ, ընդգծում է Անուշ Հարությունյանը:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։ Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում», - նշում է ՍԱՏՄ խոսակը:
«Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին», - վստահեցնում է Անուշ Հարությունյանը:
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր, որ թույլ չի տվել Ռուսաստանի շուկայում իրացնել Հայաստանից ներմուծված կաթնամթերքը՝ համարելով ոչ անվտանգ։
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների մեծածավալ ալիքը սկսեց այս տարվա ապրիլի վերջից, հետո աստիճանաբար ընդլայնեց մայիս-հունիս ամիսներին։ Այդ ընթացքում սահմանափակումներ կիրառվեցին, կամ արգելվեց հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև գյուղատնտեսական մի շարք մթերքների՝ մրգերի, բանջարեղենի և հատապտուղների ներմուծումը։