Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանը պատրա՞ստ է ընդդիմադիր լիդերի կարգավիճակին

Միլիարդատեր Կարապետյանը, որ քարոզարշավի ընթացքում պարտության մասին հարցեր անգամ չէր ուզում լսել, ընդդիմադիր առաջնորդի կարգավիճակի հետ հա՞շտ է: Եթե մանդատները վերցնեն ու խորհրդարանում աշխատեն, արդյոք չի նշանակում, որ նա պատրաստ է ընդդիմադիր լիդեր լինել Փաշինյանի իշխանության օրոք: Կարապետյանի թիմակից Գոհար Մելոյանն «Ազատության» հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն, ընդդիմադիրի կարգավիճակի պատճառների մասին խոսեց:

«Ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ»,- ասում է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը և պնդում, թե խախտումների ծավալներն այնքան մեծ են եղել, որ փոխել են պատկերը հօգուտ իշխանության:

«Բազմաթիվ ծավալուն խախտումներ են եղել ու մեր առաջնորդը պատահական չէր պնդում, որ համոզմունք ունենք, որ մենք հաղթանակող ուժ ենք»,- ընդդիմադիր Մելոյանը նկատի չունի միայն ընտրության օրը իրենց բացահայտած խախտումները, նախընտրական ամբողջ փուլում իրենց թիմակիցների նկատմամբ հետապնդումները, սպառնալիքները, քրեական գործերն ու կալանավորումները: Իրավապահները նախընտրական շրջանում տասնյակներով ընտրակաշառքի քրեական գործերի մասին են հաղորդել, որոնց գերակշիռ մասը «Ուժեղ Հայաստանի» մասին է եղել:

«Եթե քաղաքացու նկատմամբ նման միջամտություններ չլինեին, ես համոզմունք ունեմ, որ լրիվ այլ պատկերի մասին էր խոսք գնալու։ Եթե բացարձակ հաղթանակի չէինք գնում 2/3-ի, առնվազն էն ընդդիմադիր ուժերը, որոնք հայտնել էին նախորդիվ, որ առավելագույն ձայն հավաքած ուժին կտան, էդ պարագայում որևէ կերպ «Քաղաքացիական պայմանագիրը» չէր կարող մնալ իշխանության»,- ասում է «Ուժեղ Հայաստանից» Գոհար Մելոյանը։

Ամեն դեպքում, նախընտրական արշավի ամբողջ ընթացքում աջակիցներին հաղթանակի պատրաստող ուժի ներսում ի՞նչ տրամադրություններ են, սպասո՞ւմ էին, որ շուրջ 23 տոկոս քվե կստանան, Մելոյանն արձագանքեց. «Մենք իրական ընտրական արդյունքների հետ գործ չունենք»։

Իսկ ի՞նչ խախտումներ են արձանագրել ընտրության օրը: Տեղմասերում թիմակիցների նկատմամբ բռնություններից, ծեծից մինչև քվերակողներին ուղղորդելու, նրանց կամքին միջամտելու ու քվեաթերթիկներ տեղամասից դուրս տանելու դեպքեր: Գոհար Մելոյանն այս մասին խոսում էր՝ մեծ էկրանին տեսանյութերը ցուցադրելով:

«Տեսանյութեր ունենք ու ահազանգեր, որ մի շարք ընտրատեղամասերում մարդիկ արդեն նախապես ծոցագրպանում քվեաթերթիկով 16 մուտք են գործել տեղամաս։ Սա կոնկրետ արձանագրված դրվագ է, որ հանձնաժողովականները պաշտոնական փաստաթղթերը մատիտով են լրացրել, ինչի իրավունքը չունեն, որովհետև մատիտով լրացված թվերը կարող են ջնջվել։ Մի շարք տեղամասային կենտրոններում քվեատուփերը կապարակնքված չեն եղել։ Այսինքն՝ ցանկացած պահի բացել-փակել են, մեջը կարող է աննկատ իրավիճակում լցոնում է տեղի ունեցել։ Մանդատների թեմային մինչև հասնելը, էդ մանդատների հիմքում գտնվող թվերը պետք է ճշգրտենք, սենց ահռելի քանակի խախտումներ կան»,- ասում է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը։

Մասնագիտությամբ իրավաբան Մելոյանը պնդում է՝ Սյունիքի Լոր համայնքի դեպքն էլ կոպիտ խախտում է, երբ Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկությունը չավարտած՝ ընտրական տեղամասի քվեախցում թողած քվեաթերթիկները լցրել էր պարկն ու տեղափոխում էր ուրիշ տեղամաս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ասել էր, որ սա նորմալ է։

Մինչ ընդդիմադիր ուժերը Փաշինյանին են մեղադրում կեղծիքների համար, խախտումները տեսանյութերով հիմնավորում, վարչապետը հակառակորդներին է կեղծարար որակում, իսկ իրենց՝ արդար ընտրությունների ջատագով:

«Իհարկե, պետք է արձանագրենք, որ Հայաստանում մեզ ծանոթ պրոցեսները 180 աստիճան շրջվել են, երբ կառավարող կուսակցությունը և կառավարությունը ընտրությունների արդար և ազատ անցկացման ջատագով է»,- հայտարարել էր վարչապետը։

Ըստ Մելոյանի՝ մինչ այս պահը «Ուժեղ Հայաստանի» պահանջով վերահաշվարկ է արվել 900 տեղամասում: Նրա խոսքով՝ հարյուրավոր քվեաթերթիկներ են ավելացել իրենց օգտին, բայց կոնկրետ թիվ չնշեց, քանի դեռ վերահաշվարկն ընթացքում է: Իսկ պնդո՞ւմ է, որ թվերը տեղամասերից Կենտրոնական ընտրական հանձնաժողով փոփոխված են հասել կեղծելու նպատակով.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարագայում երևում է ակնհայտորեն, տեխնիկապես սխալ տող են արել։ Ընդհանրապես տենց պնդում չեմ անում, բայց տեղամասային կենտրոնում թիվը սխալ գրելն, ամենայն հավանականությամբ, դիտավորություն է եղել»,- շեշտում է Մելոյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը վստահեցնում է՝ արձանագրությունների ու ԿԸՀ հասած թվերի տարբերությունը տեխնիկական է։ Կիրակի օրը, երբ ամփոփվեն արդյունքները, նա խոստանում է իդեալական պատկեր։

Եթե ընտրությունների վրա նշանակալի ազդեցություն ունեցող խախտումների մասին են պնդում, թիմում հակվա՞ծ են մանդատները վայր դնել: Այս հարցը վերջնական արդյուքներից է կախված: Իրենք էլ են Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ճակատագրին սպասում, եթե հինգ մանդատով հաջողվի վերահաշվարկից հետո խորհրդարան մտնել, ընդդիմադիրների ձայները բավարար կլինեն իշխանության մի շարք կարևոր նախաձեռնություններին դիմադրել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG