Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը:
9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Կարապետյանն այսօր ձերբակալվել է ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով: «Ազատության» տեղեկություններով՝ նույն գործով ձերբակալվել է նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը:
Նրանցից բացի, Քննչական կոմիտենի փոխանցմամբ, ևս 34 հոգու նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով:
Ըստ Քննչականի հայտարարության՝ նշված անձանց մեջ են եղել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի առանձին անդամներ, ընկերության գլխավոր տնօրենն ու նրա տեղակալը, ինչպես նաև այլ պատասխանատու անձինք։
Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։ Այս գործն արդեն դատարանում է, գործարարը տնային կալանքի տակ է:
Գործարարը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: