Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, ռուսական հացահատիկի տեղափոխման՝ Սև ծովը շրջանցող այլընտրանքային երթուղիներ է մշակում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Սև ծովով հացահատիկի մատակարարման հետ կապված իրավիճակը զգալիորեն բարդացել է ուկրաինական կողմի գործողությունների պատճառով։ Ռուսական հացահատիկի վերաբերյալ նախագահի հանձնարարությամբ ստեղծվում են հացահատիկի տեղափոխման այլընտրանքային երթուղիներ՝ այլընտրանքային ուղղություններով»,- ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա:
Պեսկովը հաստատել է, որ Թուրքիան առաջ է քաշել նոր նախաձեռնություն, որը հնարավորություն կտա խուսափել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերին հարվածներից։
«Այս հարցը մեր թուրք գործընկերների կողմից բարձրացվել է նախագահ Պուտինի և նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանի միջև Բիշքեկում վերջերս տեղի ունեցած շփումների ժամանակ և հետագայում ներկայացվել է համապատասխան դիվանագիտական նամակագրության մեջ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Վերջին ամիսներին Ռուսաստանը և Ուկրաինան ակտիվացրել են Սև ծովում մյուս կողմի հացահատիկ տեղափոխող նավերի վրա հարձակումները, ինչը հանգեցրել է համաշխարհային գների բարձրացմանը։
Թուրքիան և ՄԱԿ-ը 2022 թվականի հուլիսին միջնորդել էին այսպես կոչված Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը՝ պատերազմի պայմաններում ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանումը հնարավոր դարձնելու համար, սակայն Ռուսաստանը 2023-ին դուրս եկավ համաձայնագրից՝ բողոքելով, որ իր սեփական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումը լուրջ խոչընդոտների է բախվում։