Մատչելիության հղումներ

ՌԴ Գերագույն դատարանն առաջարկում է կրճատել երդվյալ ատենակալների կազմը և ավելացնել դատավոր

Ռուսաստանի Գերագույն դատարանի քրեական գործերով բաժնի դատական կոլեգիայի նախագահ Սերգեյ Զելենինը ներկայացրել է երդվյալ ատենակալների դատավարության խոշոր բարեփոխում, որը ենթադրում է ատենակալների թվի կրճատում և խառը կոլեգիայի ստեղծում, որում կլինի նաև դատավոր, հայտնում է ռուսական «Վեդոմոստին»։

Նա նշել է, որ ներկայիս մոդելը «խնդրահարույց է»: «Ատենակալների ընտրության երկարատև գործընթացը և այս գործընթացի միջոցով կայացված, ապա չեղյալ հայտարարված դատավճիռների բարձր մակարդակը, չեն համապատասխանում ո՛չ հասարակության սպասումներին, ո՛չ էլ քրեական դատավարությունում ներգրավված անձանց հույսերը», - նշել է Զելենինը։

Առաջարկվող հիմնական նորամուծությունը մասնագիտական դատավորին և ատենակալներին մեկ կազմի մեջ միավորելն է՝ ատենակալների թիվը կրճատելով մինչև չորսի։

Նաև առաջարկվում է նաև պարզեցնել երդվյալ ատենակալների ընտրության գործընթացը, վերացնել տարիքային սահմանափակումը և թույլատրել 65 տարեկանից բարձր անձանց ներգրավվել որպես ատենակալ, եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս: Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ ատենակալները կպահպանեն իրենց անկախությունը:

Զելենինի կարծիքով՝ ներկայիս համակարգի խնդիրն այն է, որ այն «արհեստականորեն փոխառվել է անգլո-ամերիկյան համակարգից»։ «Ատենակալների և պրոֆեսիոնալ դատավորի տարանջատումը, ներառյալ նրանց իրավասությունը, հիմնականում անգլոսաքսոնական իրավական համակարգի ատրիբուտ է, որն օտար է մայրցամաքային ավանդույթին», - պնդում է նա։

«Ներկայումս շրջանային և կայազորային ռազմական դատարաններում ատենակալների կոլեգիան բաղկացած է վեց սովորական ատենակալներից և երկու փոխարինողներից: Մարզային, տարածքային և գերագույն դատարաններում կամ համարժեք դատարաններում այն բաղկացած է ութ սովորական ատենակալներից և երկու փոխարինողներից: Փոխարինող ատենակալների թիվը դատավորը կարող է ավելացնել, օրինակ՝ քննվող գործի բարդության կամ ծավալի պատճառով», - պարզաբանում է ռուսական РБК-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2026 թվականի մայիսին էր կարգադրել մինչև հուլիսի 1-ը մշակել միջոցառումներ՝ երդվյալ ատենակալների համակարգը բարեփոխելու և բարձրացնելու քաղաքացիների շահագրգռվածությունը՝ ծառայելու որպես ատենակալներ:

Իրավապաշտպան Եվա Մերկաչևան նախկինում ասել էր, որ ռուսները դժկամությամբ են ծառայում որպես երդվյալ ատենակալ, քանի որ նման աշխատանքը համարում են անարդյունավետ։ Նա ներկայացրել էր 2024 թվականի վիճակագրությունը, ըստ որի՝ ատենակալներն արդարացրել են մեղադրյալների 26%-ին, մինչդեռ սովորական դատարանները արդարացրել են 0.5%-ից պակաս մասինն։

Ընդ որում, Մերկաչևան ընդգծել է, որ ատենակալների կողմից կայացված արդարացման դատավճիռների շատ մեծ տոկոսը՝ որոշ շրջաններում կեսից ավելին, չեղյալ է հայտարարվում, իսկ ատենակալները բողոքում են, որ դատավորները և մեղադրող կողմից ներկայացուցիչներն իրենց ճնշումների են ենթարկում:


XS
SM
MD
LG