Մատչելիության հղումներ

Ռուսաստանում առնվազն 550 ուկրաինացի մեղադրվում է դավաճանության կամ լրտեսության մեջ

Տեսարան Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանից, 24-ը մարտի, 2024թ.
Տեսարան Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանից, 24-ը մարտի, 2024թ.

Իրավապաշտպանները նույնականացրել են Ուկրաինայի 555 քաղաքացու, որոնց դեմ Ռուսաստանը քրեական գործ է հարուցել՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Ուսումնասիրությունը կատարել են ռուսական «Պերվի օտդել» (Первый отдел) իրավապաշտպան նախագիծն ու Parubets Analytics անկախ վերլուծական կենտրոնը, որը հետազոտություններ է անցկացնում քաղաքական բռնաճնշումների, պատերազմի, ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Ըստ ուսումնասիրության՝ ուկրաինացիների դեմ հարուցված քրեական գործերի իրական թիվն ավելի բարձր է, քանի որ շատ գործեր փակ են, իսկ դատական արձանագրությունները հրապարակվում են առանց անձնական տվյալների:

Պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 325 ուկրաինացու։ 199-ին մեղադրանք է առաջադրվել լրտեսության, 18-ին՝ օտարերկրյա պետության հետ գաղտնի համագործակցության, իսկ ութին՝ թշնամուն օգնելու համար։

Իրավապաշտպաններին հաջողվել է հաստատել 323 անձի առաջադրված մեղադրանքները։ Նրանց կեսից ավելին (176 անձ կամ 54.5%), ինչպես նշվում է, կապված են եղել տեղեկություններ հավաքելու և ուկրաինական կողմին փոխանցելու մեղադրանքների հետ։

Ռուսաստանի դատարանների կողմից արդեն դատապարտվել է 402 մարդ, կամ 72.4%-ը։ Նրանցից յոթը ստացել են ցմահ ազատազրկում, իսկ մնացած 375-ը՝ հինգից մինչև 27 տարի և ինը ամիս ազատազրկման։ Այս դատավճիռների մեծ մասը (241 կամ 60.1%) կայացրել են Ուկրաինայից բռնազավթված և միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի օկուպացված մասերի և բռնակցված Ղրիմի դատարանները։

Ուսումնասիրության համաձայն՝ նման գործերով առնվազն հինգ մեղադրյալ մահացել է քրեական հետապնդման ընթացքում կամ դատավճռի կայացումից հետո, իսկ 249 ուկրաինացի դեռևս անհետ կորած է։ Անհետացումների մեծ մասը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո: Անհետացումներն իրենց գագաթնակետին հասել են 2023 թվականին։

2026 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ, ուսումնասիրության մեջ ներառված 555 անձանցից 534-ը դեռևս բանտում էին։ Հետազոտողները կարողացել են պարզել 360 անձանց գտնվելու վայրը։ Նրանց տվյալների համաձայն՝ 236 անձ պահվում է Ռուսաստանի բանտերում, իսկ 124-ը՝ նախնական կալանքի կենտրոններում և ուղղիչ գաղութներում, որոնք գտնվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում։

Նույն կազմակերպությունները սետպեմբերի սկզբին հրապարակել էին մեկ այլ հետազոտության արդյունքներ, ըստ որի՝ 2026-ի առաջին կեսին Ռուսաստանի դատարանները պետական դավաճանության, լրտեսության և դրան առնչվող հանցագործությունների մեղադրանքով 284 մարդու են դատապարտել՝ ավելի շատ, քան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը նախորդած 25 տարվա ընթացքում։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG