Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավելի դժվար է դարձել հաշմանդամի կարգավիճակ ստանալը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին

Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակումից հետո Ռուսաստանի առողջապահական համակարգում կատարված փոփոխությունները դժվարացրել են առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց համար հաշմանդամության կարգավիճակ ստանալը կամ պահպանելը, պարզել է «Ազատության» «Սիստեմա» հետաքննական նախագիծը:

Օքսանայի որդին չի խոսում, դժվարությամբ է քայլում և ունի էպիլեպսիա: 20 տարեկանում նա կարող է ինքնուրույն ուտել, բայց չի կարողանում վերահսկել միզարձակումը կամ կղազատումը, և ստիպված է կրել տակդիրներ:

Չնայած այս խնդիրներին՝ Օքսանան, ով հետևանքներից վախենալով, խնդրել է իր ազգանունը չհրապարակել, «Ազատությանը» պատմել է, որ իրենից մեկ տարի է պահանջվել՝ պաշտոնյաներին համոզելու, որ 18-ամյա որդին հաշմանդամ է։

«Ռուսաստանում պետք է առողջ լինես, որ կարողանաս հաշմանդամության կարգավիճակ ստանալ», - հեգնում է նա:

Ուկրաինա ներխուժումից հետո կանոնների խստացում

2022 թվականի ապրիլի սկզբին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ հարձակումից վեց շաբաթ անց, Ռուսաստանի կառավարությունը խստացրեց հաշմանդամության կարգ տալու կանոնները, ինչը մի քանի անգամ արդեն արել էր վերջին տասնամյակի ընթացքում։

Նոր փոփոխությունները տեղի ունեցան, երբ պատերազմը, որը այսօր՝ գրեթե չորս տարի անց, դեռևս շարունակվում է, սկսեց ավելի շատ ռազմական ծախսեր պահանջել և մեծացնել ճնշումը դաշնային բյուջեի վրա։

Ֆինանսական գործոնը հստակ է։ «Սիստեմա»-ն պարզել է, որ գրանցված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մոտ 1 միլիոնով կրճատելու դեպքում պետությունը կարող է խնայել տարեկան մոտ 120 միլիարդ ռուբլի (1.57 միլիարդ դոլար)։

Կառավարության փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2025 թվականի սկզբին պաշտոնական թիվը մոտ 11.1 միլիոն էր, ինչը մոտավորապես 2 միլիոնով պակաս էր 2010 թվականի ցուցանիշից և մոտ 1 միլիոնով նվազ, քան 2017 թվականին։

Նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունը չի հրապարակում պատերազմի զոհերի թիվը, սակայն Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը անցյալ տարվա հունիսին գնահատել է, որ լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 950 հազար ռուս զինվոր։

Մշտական հաշմանդամների թիվը չի հրապառակվել, սակայն, արևմտյան հետախուզական գործակալությունների կարծիքով՝ ռուսական կողմում այս ընթացքում զոհերի թիվը հասել է ավելի քան 1 միլիոնի, որոնցից հավանաբար մեկ քառորդը զոհվել է, մնացածը՝ վիրավորվել։

«Իշխանությունները հասկացել են, որ պատերազմը կավելացնի հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը, ուստի նրանք ընտրել են վիճակագրությունը ավելի լավը դարձնելու և գումար խնայելու տարբերակը», - «Ազատությանը» ասել է բժշկական և սոցիալական գնահատման նախկին մասնագետը՝ խոսելով անանունության պայմանով։

Համակարգ՝ ստեղծված դրանից դուրս մնալու համար

Հաշմանդամության չափանիշների խստացումը սկսվել է լայնածավալ պատերազմից շատ առաջ։ 2014 թվականին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և պատերազմ հրահրեց Ուկրաինայի արևելքում, կատարված փոփոխությունները շեշտը դրեցին նույնիսկ լուրջ բժշկական խնդիրների առկայության դեպքում անձի աշխատելու կամ «նորմալ կյանք» վարելու ունակության վրա։

Ժամանակի ընթացքում լրացուցիչ փոփոխությունները գործընթացը դարձրին ավելի բյուրոկրատական և սահմանափակող, պատմել են հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող կամ աշխատած ռուսաստանցիները։

2022 թվականի ապրիլի կառավարության որոշումը էլ ավելի բարձրացրեց կարգ տալու չափանիշը։ Այն ամրագրում է անձին հաշմանդամ ճանաչելու երեք պայման՝ մարմնական գործառույթների մշտական խանգարում, «քաղաքացու՝ ինքն իրեն խնամելու, ինքնուրույն շարժվելու, կողմնորոշվելու, շփվելու, իր վարքագիծը վերահսկելու, սովորելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակության կամ կարողության լրիվ կամ մասնակի կորուստ» և վերականգնողական բուժման անհրաժեշտություն։

Միաժամանակ, նոր կարգը սահմանում է, որ այս պայմաններից որևէ մեկը՝ առանձին վերցրած, հիմք չէ անձին հաշմանդամ ճանաչելու համար։ Դա նշանակում է, որ անհրաժեշտ է պայմանների համադրություն, որը, նախկին բժշկական և սոցիալական գնահատման մասնագետի խոսքով, կարող է իշխանություններին հնարավորություն տալ գրեթե ցանկացած դեպքում մերժել հաշմանդամության կարգավիճակի տրամադրումը։

Նույնիսկ հաշմանդամության ամենածանր աստիճանի՝ առաջին խմբի դասակարգված անձինք պետք է պարբերաբար հավաքեն փաստաթղթեր, անցնեն կրկնակի հետազոտություններ և ենթարկվեն բժշկական և սոցիալական գնահատման յուրաքանչյուր երկու տարին մեկ: Ավելի թեթև հաշմանդամություն ունեցողները պարտավոր են ամեն տարի հաստատել իրենց կարգավիճակը։

Չնայած հրամանագիրը թույլ է տալիս մշտական հաշմանդամության կարգավիճակ ստանալ, մասնագետները նշում են, որ ձևակերպումը բավականաչափ անորոշ է, որպեսզի պաշտոնյաները կարողանան այն ընտրողաբար տրամադրել կամ ընդհանրապես չտրամադրել:

«Կարծես ստենտները կանհետանան»

Մարինա անունով 70-ամյա կնոջը խորհուրդ էին տվել վարձել մասնավոր խորհրդատու՝ մշտական հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար: Ծառայության համար նա ստիպված է եղել մոտ 100 հազար ռուբլի (1310 դոլար) վճարել:

Թեև կնոջ մոտ սրտի ստենտներ են տեղադրված, բայց նա պետք է տարեկան հետազոտություններ անցնի՝ իր վիճակը հաստատելու համար։

«Կարծես ստենտները կարող են իրենք իրենց անհետանալ», - հեգնել է նա, հավելելով՝ «եթե ես ամեն տարի կորոնար անգիոգրաֆիա անցնեմ, ես ավելի շուտ կմեռնեմ ստուգումներից, քան սրտի կաթվածից» ։



XS
SM
MD
LG