Ռուսական բանակը ավիառումբերով հարվածներ է հասցրել Խարկովի Սլոբոդկսի և Նեմիշլյանսկի շրջաններին: Ինչպես հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս առնվազն 31-ը, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են:
Վնասվել են շուրջ երկու տասնյակ բնակելի տներ, գրասենյակային շենքեր, կրթական հաստատություն, ավտոմեքենաներ: Հետևանքների վերացումը շարունակվում է, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, նշել է Սինեգուբովը:
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս ուժեղացնել հարվածները քաղաքացիական օբյեկտներին Ուկրաինայում, հատկապես խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Կիևը, Խարկովը, Օդեսան և Լվովը, տեղի բնակչության վրա ազդելու նպատակով:
The New York Times-ն էլ ուկրաինական հետախուզության ձեռք բերած փաստաթղթին հղումով հաղորդում է, որ ձմռանը ռուսական զորքերը պատրաստվում են ռմբակոծել էներգետիկ ենթակառուցվածքը և ջրամատակարարման օբյեկտները, ինչը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ: