Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատժամիջոցները շրջանցում է բրիտանական օֆշորային ընկերությունների միջոցով. Transparency

Ռուսաստանը Արևմուտքի սահմանած միջազգային սահմանափակումները շրջանցում է բրիտանական օֆշորային ընկերությունների միջոցով, ասվում է Transparency International-ի զեկույցում:

Ըստ ուսումնասիրության՝ չնայած միջազգային ճնշմանը, 2022-ի փետրվարից մինչև 2025-ի հունվարն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիային պատկանող արտասահմանյան տարածքներում գրանցված ընկերությունների միջոցով Ռուսաստանի արտաքին առևտուրը կազմել է առնվազն 8 միլիարդ դոլար։

Այս ընթացքում իրականացվել է առնվազն 29,000 առևտրային գործարք, որոնց ավելի քան 90 տոկոսը տեղի է ունեցել բրիտանական Վիրջինյան և Բերմուդյան կղզիներում, որտեղ յուրաքանչյուր տարածքի օրենսդրությունն իր ուրույն դերն է խաղում, գրում են հետազոտության հեղինակները։

Վիրջինյան կղզիները ռուսական արտահանման հիմնական հանգույց են դարձել՝ իրականացնելով «Ռոսնեֆտ» ընկերության նավթամթերքի, ինչպես նաև պողպատի և ածուխի բեռնափոխադրումները, այդ թվում՝ այս ապրանքների այն խմբաքանակը, որն արդյունահավել է ռուսական բանակի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում:

Օրինակ՝ Բերմուդյան կղզիները հիմնականում օգտագործվել են նավթի և գազի արդյունաբերության համար, որտեղ հորատման սարքավորումները և գազային տուրբինների մասերը ձեռք են բերվել տեղական միջնորդների միջոցով։ Իսկ Կայմանյան կղզիները և Ջիբրալթարը կիրառվել են մետաղների, այդ թվում՝ կապարի և ցինկի հետ կապված գործարքներում, ինչպես նաև ոսկու ձուլակտորների և ուղղաթիռների պահեստամասերի մատակարարման համար։

Զեկույցի առանձին բաժին նվիրված է զբոսանավերին։ Ֆիքսվել է օֆշորային ընկերությունների միջոցով զբոսանավերը Ռուսաստան տեղափոխելու կամ Ռուսաստանից դուրս հանելու առնվազն 160 դեպք։ Կայմանյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից միջնորդները ներգրավված են եղել Ռուսաստանի քաղաքական էլիտայի և խոշոր բիզնեսի հետ կապված նավերի սպասարկման և ներմուծման գործում։ Հետազոտողները նշում են, որ այս օֆշորային գոտիները նպաստել են զբոսանավերի գործարքներին, որոնք հետաքննիչները կապում են երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ուսումնասիրության հեղինակներն ընդգծում են, որ բրիտանական օֆշորային գոտիների օգտագործումը թույլ է տալիս թաքցնել իրական շահառուներին և եկամուտները: Չնայած Մեծ Բրիտանիան պահանջում է, որ բացահայտվեն այս ընկերությունների սեփականատերերի մասին տվյալները, օֆշորային գոտիներում այսպիսի մեխանիզմների ներդրումը անընդհատ հետաձգվում է, նշում են հեղինակները՝ հավելելով, որ սա պայմաններ է ստեղծում պատժամիջոցներից խուսափելու համար:

Չնայած նման գործողությունների ինտենսիվությունը 2022-ի վերջից ի վեր նվազել է՝ ռիսկերի աճի և լոգիստիկ ծախսերի աճի պատճառով, ոչ թափանցիկ գործող այս գոտիների միջոցով վճարման և մատակարարման ուղիները շարունակում են գործել, ասվում է Transparency International-ի զեկույցում:


XS
SM
MD
LG