Ռուսաստանը Մոսկվայում Հունգարիայի դեսպանատան և Կազանում ու Սանկտ Պետերբուգում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցների է արտաքսում՝ որպես պատասխան միջոց, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը:
«Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանյան Դաշնությունում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գաբոր Գերգիչը», - ասված է հաղորդագրությունում: Հունգարացի դիվանագետին «վճռական բողոք է հայտարարվել ռուսաստանյան դիվանագիտական աշխատակիցների՝ երկրի տարածքը լքելու Հունգարիայի իշխանությունների 2026 թվականի սեպտեմբերի 8-ի անհիմն և բացահայտ ոչ բարեկամական պահանջի կապակցությամբ»:
Հավատարմատարին տեղեկացրել են, որ ի պատասխան՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Կազանում աշխատող մի խումբ հունգարացի դիվանագետներից պահանջում են երկշաբաթյա ժամկետում դուրս գալ Ռուսաստանի տարածքից, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 8-ին Հունգարիան որոշում է ընդունել ռուսաստանցի 10 դիվանագետների արտաքսման մասին: Այդ անձինք, ըստ Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանի, այդ երկրում «զբաղվել են գործունեությամբ, որը դիվանագետների համար անթույլատրելի է Վիեննայի կոնվենցիայի շրջանակում»:
Նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության օրոք Հունգարիան ձեռնպահ էր մնում նման քայլերից: Այս տարվա օգոստոսի վերջին պաշտոնական Բուդապեշտը ճանաչեց Ռուսաստանը իբրև սպառնալիք Հունգարիայի, Եվրոպայի և «գլոբալ աշխարհակարգի» համար: