Մատչելիության հղումներ

Հունգարիան Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցի է արտաքսել

Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբան, արխիվ
Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբան, արխիվ

Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը հայտարարել է Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսելու մասին: Նրանք, հունգարական իշխանությունների գնահատմամբ, երկրում վարել են գործունեություն, որն անհամատեղելի է Վիեննայի կոնվենցիայով սահմանված դիվանագետի կարգավիճակի հետ:

Օրբանն ընդգծել է, որ երկիրը լքելու՝ այդ անձանց ուղղված պահանջը «ծառայում է Հունգարիայի անվտանգության և ինքնիշխանության ապահովմանը», սակայն չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: «Հունգարիան մտադիր է շարունակել պահպանել անհրաժեշտ երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և հաստատված կանոնների պահպանման վրա», - գրել է նախարարը:

Դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին Հունգարիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը ծանուցել է Ռուսաստանի դեսպանին:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կպատասխանեն դեսպանատան աշխատակիցների արտաքսմանը:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի և Ռուսաստանի ու Եվրամիության երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին ԵՄ շատ երկրներ արտաքսել են ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների, փակել են ռուսական հյուպատոսություններ և այլ հաստատություններ, Մոսկվան էլ պատասխան միջոցներ է ձեռնարկել:

Նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության օրոք Հունգարիան ձեռնպահ էր մնում նման քայլերից, և դեսպանատան միանգամից 10 աշխատակիցների արտաքսումն աննախադեպ է այդ երկրի համար: Ինչի հետ է այն կապված՝ դեռևս չի հաղորդվում, նաև չեն հրապարակվում արտաքսվողների անունները և պաշտոնները:

Օգոստոսի վերջին պաշտոնական Բուդապեշտը ճանաչեց Ռուսաստանը իբրև սպառնալիք Հունգարիայի, Եվրոպայի և «գլոբալ աշխարհակարգի» համար:


XS
SM
MD
LG