Ռուաստանը կշարունակի հետևել ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (New START) դրույթներին, քանի դեռ Վաշինգտոնը կշարունակի նույնը անել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
2010-ին կնքված պայմանագրի ժամկետը լրացել է անցած շաբաթ՝ փետրվարի 5-ին, արդյունքում աշխարհի միջուկային երկու գերտերությունները կես դարից ավելի առաջին անգամ իրենց ռազմավարական միջուկային զինանոցների վերաբերյալ չունեն որևէ պարտադիր սահմանափակում:
«Մեր դիրքորոշումն այն է, որ մեր կողմից նախագահի հայտարարած այս մորատորիումը դեռ ուժի մեջ է, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չգերազանցի նշված սահմանափակումները»,- Պետդումայում այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ նախագահն անցած շաբաթ՝ պայմանագրի ժամկետի լրանալուց մեկ օր անց, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի երկարաձգի պայմանագիրը և կոչ էր արել հինը երկարաձգելու փոխարեն կնքել «նոր, բարելավված և արդիականացված պայմանագիր»:
TruthSocial սոցցանցում արված գրառման մեջ ԱՄՆ նախագահը նախորդ փաստաթուղթն անվանել էր «վատ կնքված գործարք», որը «կոպտորեն խախտվում է», ապա նշել, որ ինքը հիմնովին արդիականացնում է երկրի զինված ուժերը։
Պայմանագրի ժամկետի ավարտը մտավախություններ է առաջացրել սպառազինությունների մրցավազքի շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Պեկինը, թեև ավելի քիչ մարտագլխիկներ ունի, քան մյուս երկու երկրները, բայց արագ զինվում է, գրում է Reuters-ը։