Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ստեղծում են «մեղավոր» ՌԴ քաղաքացիների իրավունքներն արտերկրում սահմանափակող հանձնաժողով

ՌԴ քաղաքացու անձնագիր, արխիվային լուսանկար
ՌԴ քաղաքացու անձնագիր, արխիվային լուսանկար

Ռուսաստանի իշխանությունները ստեղծում են հանձնաժողով, որը զբաղվելու է արտերկրում ապրող ՌԴ քաղաքացիների նկատմամբ այսպես կոչված սահմանափակող միջոցների կիրառմամբ: Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովը հետևելու է այն ռուսաստանցիների նկատմամբ սահմանափակումների կիրառմանը, ովքեր Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել են պատիժների վարչական կամ քրեական հոդվածներով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել արդարադատության նախարարը, դրա կազմում կընդգրկվեն Արդարադատության, Ներքին գործերի, Դաշնային հարկային ծառայության, Անվտանգության դաշնային ծառայության, «Ռոսֆինմոնիտորինգ»-ի և Գլխավոր դատախազության ներկայացուցիչները:

Երկրում մեկ ամիս առաջ ուժի մեջ է մտել Ռուսաստանից դուրս գտնվող և «պատժի իրականացումից խուսափող» քաղաքացիների նկատմամբ «ժամանակավոր սահմանափակող միջոցառումների» մասին օրենքը, որը սոցցանցերում անվանել են «օրենք քաղաքացիական մահվան մասին»: Դրանով սահմանափակվում են, մասնավորապես, «օտարերկրյա գործակալի պարտականություններից խուսափելու», «բանակի վարկաբեկման», Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոչեր անելու համար վարչական պատժի, կամ Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով քրեական պատժի հեռակա կարգով դատապարտված ՌԴ քաղաքացիների իրավունքները:

Մասնավորապես, քաղաքացիներին, որոնք չեն ցանկանում վերադառնալ Ռուսաստան՝ պատիժը կրելու համար, արգելվում է ժամկետը սպառված արտասահմանյան անձնագրի փոխարեն ստանալ նորը, ՌԴ հյուպատոսարաններում վավերացնել լիազորագրերը, օգտվել Ռուսաստանում իրենց գումարներից և գույքից, նրանց վարորդական իրավունքի վկայականներն անվավեր են համարվում և այլն:

Այս միջոցներն ուղղված են առաջին հերթին այն ռուսաստանցիների դեմ, որոնք երկիրը լքել են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին և Պուտինի կառավարության բռնաճնշումների քաղաքականությանն անհամաձայնության պատճառով, ընդգծում է «Ազատության» ռուսական ծառայությունը:


XS
SM
MD
LG