Մատչելիության հղումներ

Արտագաղթ կամ բանտ. Բորիս Նադեժդինը պատմել է, թե ինչու լքեց Ռուսաստանը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նադեժդին, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նադեժդին, արխիվ

Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված և Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված ռուս քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինը բացահայտել է Ֆրանսիա մեկնելու հանգամանքները։ Նա ասել է, որ որոշել է բացահայտել մանրամասները՝ «հարցերից, դավադրության տեսություններից և ենթադրություններից» խուսափելու համար։

Սոցցանցում արած գրառմամբ Նադեժդինը հիշեցրել է, որ հուլիսի 10-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունն իրեն «օտարերկրյա գործակալ» ճանաչեց, ինչից հետո արձանագրություն կազմվեց իրավախախտման մասին, մասնավորապես՝ ծայրահեղական խորհրդանիշներ ցուցադրելու համար (2024-ին բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարի պատճառով), և արգելվեց լքել երկիրը։

Քաղաքական գործիչը պատմել է, որ իրեն հուլիսի 21-ին Քննչական կոմիտե ներկայանալու ծանուցում էր ուղարկվել, սակայն նույն երեկոյան «Գոսուսլուգի» կայքից անհետացել է երկիրը լքելու արգելքի մասին տեղեկությունը։ Հաջորդ օրը Նադեժդինը կնոջ հետ օդանավով մեկնել է Աստանա։ Նրա խոսքով՝ իրեն մոտ տասը րոպե պահել են սահմանին, սակայն «վերադասի հետ խորհրդակցություններից» հետո թույլ են տվել լքել երկիրը:

Ղազախստանում զույգը դիմել է և ստացել ֆրանսիական վիզաներ, իսկ օգոստոսի 3-ին մեկնել են Փարիզ: Նադեժդինը պնդում է, որ իշխանությունների կողմից որևէ նախազգուշացում կամ խորհուրդ չի ստացել Ռուսաստանը լքելու համար: Նա չգիտի, թե ինչու է վերացվել ճանապարհորդության արգելքը:

«Ի վերջո ես ընտրեցի արտագաղթը։ Ավելի լավ է ազատ լինել արտասահմանում, քան ճաղերի ետևում՝ իմ հայրենիքում», - գրել է նա: Քաղաքական գործիչը հավելել է, որ նախկինում որպես այլընտրանք դիտարկել է Ռուսաստանում մնալու հնարավորությունը, ինչպես արել էին Ալեքսեյ Նավալնին և քաղաքական գործիչ Լև Շլոսբերգը, որոնք հետագայում հայտնվեցին բանտում։

Հունիսի կեսերին Նադեժդինը փաստաթղթեր էր ներկայացրել սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին որպես անկախ թեկնածու մասնակցելու համար և սկսել էր ստորագրություններ հավաքել: «Օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում ընդգրկվելուց հետո նա արդեն փաստացի իրավունք չուներ մասնակցելու ընտրություններին: Օգոստոսի 3-ին Նադեժդինն արդեն Ֆրանսիայից տեսաուղերձ հղեց՝ տեղեկացնելով, որ լքել է Ռուսաստանը:

Նադեժդինի ինքնակենսագրական «Հույսի հերթ. ինքնակենսագրություն բաց ավարտով» գիրքն ավելի վաղ հանվել էր վաճառքից Ռուսաստանի ամենամեծ առցանց գրախանութներում և շուկաներում: Էլեկտրոնային և աուդիոգրքերի ծառայություն «Լիտրես»-ը բացատրել է, որ գիրքը վաճառքից հանվել է «Էքսմո» հրատարակչության որոշմամբ:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG