Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ահաբեկչության մեղադրանքներ հարյուրավոր դեռահասների՝ բռնաճնշումների ահագնացմանը զուգընթաց

Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ուժ են կիրառում պատանու նկատմամբ, արխիվ
Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ուժ են կիրառում պատանու նկատմամբ, արխիվ

16-ամյա ռուս դպրոցական Վիտալինա Պրենինգը վերջերս մեղադրվել է ահաբեկչական հարձակում ծրագրելու, ահաբեկչական կազմակերպության անդամակցելու և ահաբեկչական վարժանքների մասնակցելու մեջ, հաղորդում է ռուսաստանյան մամուլը:

Նովոսիբիրսկցի աղջիկը օգոստոսի 10-ին ներառվել է ահաբեկիչների Ռուսաստանի սև ցուցակում, թեև նրան առաջադրված մեղադրանքների մանրամասները հստակ չեն:

Սոցիալական ցանցերում Պրենինգի ծանոթները նկարագրում են նրան իբրև շնորհաշատ աղջկա, ով նկարել է, երգել, պարել պարահանդեսային պարեր և մասնակցել պետության կողմից հովանավորվող հանրային միջոցառումների:

Պրենինգը մենակ չէ. հարյուրավոր ռուսաստանցի դեռահասներ են մեղադրվել ահաբեկչության, սաբոտաժի, ծայրահեղականության կամ դավաճանության մեջ 2022-ին Ուկրաինա Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր:

Իրավապաշտպաններն ասում են, որ դեռահասների ձերբակալումը և բանտարկումը պատերազմական ժամանակներում անհամաձայնությունը խլացնելու ահագնացող արշավի մաս է կազմում:

«Ռեպրեսիվ գործունեության ուժեղացում»

«Առաջին դեպարտամենտը»՝ վտարանդի իրավական և իրավապաշտպան կազմակերպություն, որը պաշտպանում է դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող ռուսաստանցիներին, հուլիսյան զեկույցում հայտնել է, որ առնվազն 779 դեռահասներ են ընդգրկված ահաբեկիչների և ծայրահեղականների Ռուսաստանի ռեգիստրում: Նրանց գրեթե 97 տոկոսն ավելացվել են 2022-ից հետո:

Ցուցակում ոչ միայն հանցագործության համար դատապարտվածներն են, այլև պաշտոնապես կասկածյալ որակվածները կամ մեղադրվողները:

Արգելված «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանում առնվազն 124 դեռահասների ներկայումս քրեական մեղադրանքներ են առաջադրված քաղաքական դրդապատճառներով:

Իրավապաշտպան կազմակերպություններն ասում են՝ ավելի ու ավելի մեծ թվով դեռահասներ են հետապնդվում ահաբեկչությանը և ծայրահեղականությանն առնչվող վիճահարույց օրենքներով, երբ դատավարությունները հաճախ անցկացվում են փակ դռների հետևում:

Գործերը վերաբերում են հակապատերազմական ակտիվիզմից և առցանց քննադատությունից մինչև պնդումներին, թե անչափահասները սոցցանցերի միջոցով հավաքագրվել են ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից՝ ռուսական հողի վրա իրականացնելու սաբոտաժի կամ ահաբեկչության ակտեր:

«Մեմորիալ»-ի քաղբանտարկյալներին աջակցության նախագծի ղեկավար Սերգեյ Դավիդիսն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ պատերազմն ինտենսիվացրել է քաղաքական բռնաճնշումները Ռուսաստանում:

«Պետությունը շատ ավելի մեծ ռեպրեսիվ գործունեություն է ծավալում պատերազմական իրավիճակում», - նշեց Դավիդիսը:

Ձերբակալվել է թռուցիկներ բաժանելու համար

Բռնաճնշումների շրջանակում բանտարկված դեռահասներից է Արսենի Տուրբինը, ով 2023-ին ձերբակալության ժամանակ 15 տարեկան էր:

Տուրբինը նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող թռուցիկներ էր բաժանել, «Ազատ Ռուսաստան» կոչվող տելեգամյան ալիք էր ստեղծել և ինքն իրեն լուսանկարել հակապատերազմական բողոքի ցույցերի մասնակիցների կողմից օգտագործվող սպիտակ-երկնագույն-սպիտակ դրոշով:

Նրա մայրը՝ Իրինա Տուրբինան, պատմել է, որ որդին քննիչներին բացահայտ ասել է՝ կարծում է, որ Ռուսաստանն ագրեսոր է պատերազմում:

2024-ին ռուսաստանյան դատարանը Տուրբինին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել դռնփակ դատավարությամբ: Երկու տարի անց իշխանությունները մեկ այլ գործ են բացել պատանու դեմ՝ մեղադրելով նրան պատժիչ գաղութում անկարգությունների մասնակցելու մեջ:

Ահաբեկիչների և ծայրահեղականների Ռուսաստանի ռեգիստրում ամենակրտսերը ենթադրաբար 14-ամյա Իվան Մալցևն է, ում մեղադրում են ոստիկանական ավտոմեքենա հրկիզելու փորձի մեջ: Հայրը հերքում է որդու դեմ մեղադրանքները:

Սիբիրյան Բառնաուլ քաղաքի բնակիչ Մալցևը հունիսին է 14 տարեկան դարձել, որը ծանր հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության համար պատասխանատվություն կրելու նվազագույն տարիքն է Ռուսաստանում:

«Վախի մթնոլորտ»

Իրավապաշտպանները Ռուսաստանի անվտանգության մարմիններին մեղադրում են դեռահասների դեմ սադրիչ մարտավարություն կիրառելու մեջ:

«Նրանք դրդում են պատանիներին խմբի պես ինչ-որ բան ստեղծել, գրել կոշտ հայտարարություններ, սադրում են նրանց, օրինակ՝ մեկնաբանություններում ինչ-որ բան են գրում, որ ուղղակի ստիպված ես պատասխանել», - «Ազատությանն» ասաց «Առաջին դեպարտամենտի» ղեկավար Դմիտրի Զաիր-Բեկը:

Անվտանգության պաշտոնյաները, նշեց Զաիր-Բեկը, այնուհետև խոցելի դեռահասներին «վարում են»՝ կատարելու գործողություն, որը կարող է ֆորմալ կերպով որակվել հանցագործություն, ինչը թույլ է տալիս օպերատիվ աշխատողներին նրանց դեմ քրեական գործ հարուցել:

«Ինչ հրեշավոր է, որ երեխաներ և դեռահասներ են հետապնդվում ինչ-որ բաների համար, որոնց համար չպետք է հետապնդվեին առհասարակ», - ընդգծեց «Առաջին դեպարտամենտի» ղեկավարը՝ նշելով «անփույթ կատակները» սոցցանցերում, հաղորդագրությունները դպրոցական ֆորումներում և քննարկումները համակարգչային խաղերում:

«Ռուսաստանը ճաղերի հետևում» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Օլգա Ռոմանովան «Ազատությանն» ասաց, որ ահաբեկչության գործերը շրջապատող գաղտնիությունը թույլ է տալիս ռուսաստանյան անվտանգության մարմիններին մեծացնել դատապարտման իրենց տոկոսները:

«Ահաբեկչության գործերը՝ քննությունները և դատավարությունները լրիվ փակ են: Դա ենթադրաբար գաղտնի տեղեկատվություն է, հետևաբար՝ կարիք չկա որևէ բան ապացուցելու», - ընդգծեց Ռոմանովան:

Զաիր-Բեկի խոսքով էլ՝ գործերի աճող թիվը նաև ավելի լայն նպատակի է ծառայում՝ ստեղծել վախի մթնոլորտ:

«Ամբողջ վախի մթնոլորտը, որ ստեղծվում է, այդ թվում՝ ահաբեկչության և ծայրահեղականության գործերի զանգվածային հարուցումներով, կապված է այն փաստի հետ, որ մեր ժամանակներում՝ 21-րդ դարում բռնաճնշումներն աշխատում են, միայն երբ աճում են», - ընդգծեց «Առաջին դեպարտամենտի» ղեկավարը:


Գրել է Ֆարանգիզ Նաջիբուլան՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ի Current Time-ի հաղորդումների հիման վրա


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG