Ռուսաստանում 2027-ից միգրանտներին արտոնագիր չեն տա եկամուտների տվյալների բացակայության դեպքում

Ռուսաստան - Աշխատանքային միգրանտներ Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Աշխատանքային միգրանտներ Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանում 2027 թվականի հունվարի 1-ից միգրանտներին կմերժեն արտոնագրի և աշխատանքի թույլտվության տրամադրումը եկամուտների մասին տվյալների բացակայության դեպքում, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությանը:

Բացի այդ, եկամուտների մասին տվյալների բացակայությունը հիմք կդառնա ավելի վաղ տրամադրված թույլտվությունները չեղարկելու համար:

Խոսքը, ըստ հաղորդագրության, վճարումների ձևով և այլ վարձատրությամբ ստացված եկամուտների մասին է, որոնցից ապահովագրավճարներ են կատարվում:

Հարկային մարմիններն այս տարվա հոկտեմբերից ավտոմատ կերպով ՆԳՆ են փոխանցում օտարերկրյա քաղաքացիների օրացուցային տարվա 3, 6, և 12 ամիսների եկամուտների մասին տվյալները, իսկ Կենսաթոշակային և սոցիալական ապահովության հիմնադրամը՝ տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Ինչպես նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը, օտարերկրացիների եկամուտների նկատմամբ վերահսկողության նոր մեխանիզմն ամրագրված է 2026-ի ամռանը Պետդումայի ընդունած փոփոխություններում: Այդ փաստաթղթի համաձայն՝ եթե աշխատանքային միգրանտի եկամուտների հանրագումարը ցածր լինի նրա և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով կենսապահովման նվազագույնից, արտոնագիրը կչեղարկվի:

Միգրանտը պետք է ֆիզիկական անձի եկամտահարկի հաստատագրված վճար կատարի ինչպես իր, այնպես էլ իր հետ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար: Արտոնագրով աշխատող միգրանտների երեխաները 18 տարեկան դառնալուն պես կա՛մ պետք է հեռանան Ռուսաստանից, կա՛մ 30 օրվա ընթացքում արտոնագիր ձևակերպեն: Ռուսաստանում մնալու իրավունքը կպահպանեն աշխատանքի և երկրում բնակվելու թույլտվություն ունեցող միգրանտների անչափահաս երեխաները:

​
XS
SM
MD
LG