Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց են փոխանակել

Ուկրաինացի ռազմագերիները, 2026թ. հունիսի 26:
Ուկրաինացի ռազմագերիները, 2026թ. հունիսի 26:

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։ Նրա խոսքով՝ ՌԴ են վերադարձել Կուրսկի մարզի հինգ բնակիչ և ևս երկու մարդ՝ երկրի այլ շրջաններից։

Փոխանակման փաստը հաստատել են նաև Ուկրաինայում։

«Հայրենիք են վերադարձել 35-ից 66 տարեկան ուկրաինացիներ։ Նրանց բոլորին ռուսական կողմն ապօրինի ձերբակալել էր 2022-ին՝ Մարիուպոլի, Կիևի, Խարկովի, Զապորոժիեի և Լուգանսկի մարզերի օկուպացիայի ընթացքում։ Ինչ վերաբերում է Կիևի մարզին, խոսքը հատկապես Բուչայի շրջանի մասին է, որտեղ օկուպանտները 2022-ին դաժան հանցագործություններ էին իրականացրել», գրել է Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։

Անցած շաբաթ հրապարակված ուկրաինական իրավապաշտպան կազմակերպությունների և Նորվեգիայի անկախ փորձագետների զեկույցի համաձայն՝ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական իշխանությունները օկուպացված ուկրաինական տարածքներում և Ռուսաստանում ապօրինի գերության մեջ են պահում ավելի քան 8 հազար քաղաքացիական անձանց։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ խոսքը ձերբակալությունների և առևանգումների համակարգված քաղաքականության մասին է, որի նպատակն է՝ ճնշել ցանկացած անհամաձայնություն։

Ձերբակալվածների թվում են՝ պաշտոնյաներ, ուսուցիչներ, բժիշկներ, գործարարներ, հասարակական ակտիվիստներ և հոգևորականներ։

Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանցից շատերը կալանքի ընթացքում ենթարկվում են խոշտանգումների։

XS
SM
MD
LG