Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ավելացում է տուգանքների չափը, «ծայրահեղական» նյութերի տարածման դեպքում՝ 50 անգամ

ՌԴ պետդումայի շենքը
ՌԴ պետդումայի շենքը

Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է ավելացնել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 29 հոդվածների համար նախատեսված տուգանքները, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:

Փաստաթուղթը նախատեսում է տուգանքների ավելացում, այդ թվում՝ հանրահավաք կազմակերպելու կամ անցկացնելու կանոնները խախտելու, ռուսական բանակը «վարկաբեկելու», «ծայրահեղական» նյութեր արտադրելու և տարածելու, քաղաքացիական պաշտպանության պահանջները և միջոցառումները չկատարելու, մանր խուլիգանության, հասարակական վայրերում ալկոհոլային խմիչքներ օգտագործելու, չարտոնված վայրերում ծխելու արգելքը խախտելու և ալկոհոլային խմիչքների վաճառքի կանոնները խախտելու համար։

«Ծայրահեղական» նյութերի արտադրություն և տարածում

Ինչպես տեղեկացնում է «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականը, ամենից շատը կավելանան Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.29-րդ հոդվածով նախատեսված տուգանքները («ծայրահեղական» նյութերի արտադրություն և տարածում)։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց համար տուգանքը առաջարկվում է՝ 1000-3000 ռուբլուց բարձրացնել մինչև 50,000-100,000 ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 2000-5000 ռուբլուց մինչև 100,000-200,000 ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 100,000-1 մլն ռուբլուց մինչև 800,000-2 մլն ռուբլի։

Ռուսաստանում «ծայրահեղական» հայտարարվածների թվում են Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, Նավալնիի շտաբները, «Մեմորիալ» միջազգային հասարակական շարժումը, գոյություն չունեցող ԼԳԲՏ և սատանիստական շարժումները, ինչպես նաև Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook և Instagram սոցցանցերը: Տուգանքներ են սահմանվում սոցիալական ցանցերում, հիմնականում՝ «ВКонтакте»-ում և Telegram մեսենջերում, տեղադրված լուսանկարների, աուդիո և տեսագրությունների համար:

Բանակի «վարկաբեկում»

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 20.3.3 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ռուսաստանի բանակը «վարկաբեկելու» համար տուգանքները ֆիզիկական անձանց համար 30,000-50,000 ռուբլուց կավելանան մինչև 35,000-50,000 ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 100,000-200,000-ից մինչև 200,000-370,000 ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 300,000-500,000-ից մինչև 600,000-1 միլիոն ռուբլի։

Հավաքների անցկացման կարգի խախտում

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 20.2 հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար հավաք կազմակերպելու և անցկացնելու կարգը խախտելու համար տուգանքները 1-ին մասով 10,000-20,000 ռուբլուց կաճեն մինչև 15,000-25,000 ռուբլի, 2-րդ մասով՝ 20,000-30,000-ից մինչև 30,000-50,000 ռուբլի, 3-րդ մասով՝ 30,000-50,000-ից մինչև 40,000-70,000, իսկ 5-րդ մասով՝ 10,000-20,000-ից մինչև 15,000-25,000: Իրավաբանական անձանց և պաշտոնատար անձանց համար տուգանքները կավելանան մոտավորապես կրկնակի:

Կառավարությունը հայտարարել է, որ տուգանքների ինդեքսավորումը «կարևոր մեխանիզմ է, որն ապահովում է, որ պատիժը համապատասխանի Ռուսաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին», ինչպես նաև «հնարավոր է դարձնում արդարացի հավասարակշռություն պահպանել տուգանքի չափի և հանցագործության հասարակական վտանգի աստիճանի միջև»։

Իրավաբան Վալերիա Վետոշկինան «Ագենստվո» գործակալությանն ասել է, որ «ծայրահեղական» նյութեր տարածելու, ռուսական բանակը «վարկաբեկելու» և բողոքի ակցիաների կանոնները խախտելու մեղադրանքները Ռուսաստանում քաղաքական հետապնդման հիմնական վարչական օրենքներն են: «Տուգանքների ավելացումը իրավական առումով բացարձակապես չի կարող արդարացվել: Նրանք փորձում են լցնել ռազմական բյուջեն», - ասել է նա:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG