Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երթևեկությունը երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամրջով: Արարողությանը տեսակապի միջոցով մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հյուսիսային Կորեայի կառավարության ղեկավար Պակ Տհե Սոնը:
Կամուրջը կառուցված է սահմանային Տյումեն (ռուսական անվանումը՝ Տումաննայա) գետի վրայով, երկարությունը շուրջ մեկ կիլոմետր է: Մինչ այժմ երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցությունն իրականացվել է միայն «Դրուժբա» երկաթուղային կամրջով:
Նոր կամրջի շինարարության մասին համաձայնությունը կնքվել էր 2024 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հյուսիսային Կորեա այցի ժամանակ, շինարարությունը մեկնարկել էր 2025-ի ապրիլին:
Կամուրջն անվանակոչվել է Կարմիր բանակի սպա Յակով Նովիչենկոյի անվամբ, ով 1946-ին Փհենյանում հանրահավաքի ժամանակ իր մարմնով փակել էր հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Իր Սենի ուղղությամբ նետված նռնակի ճանապարհը: Սպան կենդանի էր մնացել և հետագայում արժանացել Հյուսիսային Կորեայի Աշխատանքի հերոսի կոչմանը:
Պաշտոնական Փհենյանը վստահեցնում է, որ նոր կամուրջը նախատեսված է առևտրի և զբոսաշրջության ընդլայնման համար: Ուկրաինայում, մինչդեռ, անհանգստանում են, թե կամուրջը լրջորեն կընդլայնի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության հնարավորությունները, և որ դրա գլխավոր նպատակը ռազմական լոգիստիկ միջանցքի ստեղծումն է: