Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում վերահաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը։ Այդ հայտնել է ԿԺԴՀ-ի պետական KCNA լրատվական գործակալությունը:
Կիմ Չեն Ընը պատասխանել է Պուտինի ուղերձին, որը Ռուսաստանի նախագահը հղել էր Ճապոնիայի գաղութային տիրապետությունից ազատագրման օրվա առթիվ։
Պուտինն ասել էր, որ երկու երկրների կապերը ձևավորվել են այն ժամանակ, երբ խորհրդային զինվորները կռվում էին Ճապոնիայի դեմ, և որ համագործակցությունը շարունակվելու է «բոլոր ոլորտներում»։
Փհենյանն ու Մոսկվան ավելի են մերձեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան սկսել է զորքեր և սպառազինություն ուղարկել՝ աջակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում։ Սա Հյուսիսային Կորեայի ամենանշանակալի մասնակցությունն է որևէ պատերազմի մեջ 1950-ականներից ի վեր։