Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը, չնայած հայտարարված հրադադարին, հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների

Ուկրաինացի զինծառայողը կրակում է անօդաչու թռչող սարքի վրա, արխիվ
Ուկրաինացի զինծառայողը կրակում է անօդաչու թռչող սարքի վրա, արխիվ

Չնայած եռօրյա հրադադարին, որի շուրջ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության էին եկել ԱՄՆ-ի միջնորդությամբ, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը կրկին հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների, կան զոհեր և վիրավորներ։

Խերսոնի մարզում ռուսական գնդակոծությունների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Խարկովի մարզում գնդակոծությունների և հարձակումների հետևանքով տուժել է հինգ խաղաղ բնակիչ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Մայիսի 11-ի գիշերը Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ հրդեհ է բռնկվել ամառային խոհանոցում, ոչնչացվել է տնտեսական շինություն, զոհեր և վիրավորներ չկան։

Ռազմաճակատում ևս մարտերը շարունակվել են։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ այսօր առավոտյան հրապարակած տվյալների համաձայն, մեկ օրում արձանագրվել է շուրջ 180 մարտական բախում։ Առավել ինտենսիվ մարտական գործողություններն ընթացել են, ինչպես և նախորդ օրերին, Պոկրովսկի, Գուլյայպոլեի և Լիմանի ուղղություններով։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք է բերվել եռօրյա հրադադարի համաձայնություն։

XS
SM
MD
LG