Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է իր երկիրը Ռումինիայի և եվրոպական էներգահամակարգին միացնող Վուլկանեշտի-Քիշնև էլեկտրահաղորդման գծի գործարկման մասին: Այդ մասին նա գրել է X սոցցանցում նոյեմբերի 8-ին բացման արարողությունից հետո:
«Տասնամյակներով Մոսկվան օգտագործել է էներգետիկան մեր հասցեին շանտաժի համար: Այժմ եկավ դրա վերջը: Մոլդովան չի գնում ռուսաստանյան գազ, և մոտ ժամանակներս շահագործման կհանձնվեն ևս երկու էլեկտրահաղորդման գծեր դեպի Ռումինիա: Շնորհակալություն բոլորին, ովքեր նպաստեցին դրան», - նշել է Սանդուն՝ հավելելով, թե «կա ենթակառուցվածք, որը փոխում է ցանցի գործառնության սկզբունքները, և կա ենթակառուցվածք, որը փոխում է ինքնուրույն որոշումներ ընդունելու երկրի կարողությունը»:
Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման նախագիծն իրականացվել է Համաշխարհային բանկի և Մոլդովայի կառավարության աջակցությամբ: Այն նախատեսում էր ոչ միայն Վուլկանեշտիից Քիշնև 157 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի շինարարություն, այլև ենթակայանների արդիականացում և ընդլայնում:
Էլեկտրահաղորդման գիծը, ըստ Մոլդովայի իշխանությունների, թույլ կտա ծածկել երկրի սպառման կեսից ավելին և էլեկտրաէներգիա ստանալ Մերձդնեստի շրջանցմամբ: