Նախօրեին Մոսկվայում Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարներն այցելել են Ռուսաստանի արտգործնախարարություն և համատեղ դժգոհություն են ներկայացրել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունների առթիվ, թե Բալթյան երկրներն իբր իրենց օդային տարածքը տրամադրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Ռուսաստանում գտնվող օբյեկտների վրա հարվածներ հասցնելու համար։
Դիվանագետներն ընդգծել են, որ երեք երկրները երբեք նման թույլտվություն չեն տվել։
«Չնայած Բալթյան երկրների պաշտոնական դիրքորոշմանը, որը բազմիցս հնչեցվել է տարբեր մակարդակներով, Ռուսաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել և սրել իրավիճակը», նշվել է երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ։
Մամուլի հաղորդագրությունում նաև նշվում է. «Բալթյան երկրների օդային տարածք անօդաչու թռչող սարքերի մուտքը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիվ պատերազմի հետևանք է»։
Գալուզինը հուլիսի 4-ին հայտարարել էր, թե Մոսկվան իբր ապացույցներ ունի, որ Բալթյան երկրները Ուկրաինային տրամադրել են օդային միջանցքներ, որոնցով ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել ՌԴ-ի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ավելի վաղ նման հայտարարություններով հանդես էին եկել նաև ռուս այլ պաշտոնյաներ։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերը չեն արձակվել հենց Բալթյան երկրների տարածքից, թեև ռուս մի շարք մեկնաբաններ առաջ էին քաշել նաև այդ վարկածը։
Լատվիան, Լիտվան և Էստոնիան բազմիցս հայտարարել են, որ չեն թույլատրել այդ անօդաչու թռչող սարքերի թռիչքն իրենց օդային տարածքով։ Դրանցից մի քանիսը խոցվել են ՆԱՏՕ-ի կործանիչների կողմից։
Մինչդեռ Մոսկվայում այս միջադեպերը մեկնաբանել են որպես Բալթյան երկրների կողմից Ուկրաինային իրենց օդային տարածքն օգտագործելու թույլտվություն։