Արցախի նախկին պետնախարար, Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում:
Իր ուղերձում, որը հրապարակված է Ռուբեն Վարդանյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, նա թվարկել է մի շարք խախտումներ, որոնք հակասում են առաջին հերթին հենց Ադրբեջանի օրենսդրությանը։ Հղում անելով «Պատիժների կատարման օրենսգրքին և դատապարտյալների իրավունքների մասին գրքույկին»՝ նա ընդգծել է, որ այդ իրավունքները պետք է պահպանվեն՝ անկախ մեղադրանքի հոդվածից, ազգությունից, կրոնական պատկանելությունից և քաղաքացիությունից։
Ռուբեն Վարդանյանն առաջարկել է Ադրբեջանի օմբուդսմենին հանդիպել բանտարկյալների հետ և հետևել իրենց իսկ օրենքներին. «Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»։
Նա բարձրացրած խնդիրների շարքում նշել է նաև բանտարկյալների մի մասի համար ամենշաբաթյա հեռախոսազանգերի բացակայությունը և տեսազանգերի անհասանելիությունը, ինչի պատճառով նրանցից ոմանք գրեթե երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին, նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ հանձնելու, նոտարական ծառայությունների մերժման պատճառով հարազատների անունով լիազորագիր ձևակերպելու անհնարինությունը, ֆիզիկական վարժությունների սահմանափակումը շաբաթական մեկ անգամ՝ 20–40 րոպեով՝ օրական սահմանված մեկ ժամի փոխարեն, ինչպես նաև դիմումներին և բողոքներին գրավոր պատասխանների բացակայությունը։
Վարդանյանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո բանտարկյալները զրկվել են ընտանիքների հետ կապի կարևոր ուղուց․ նրանց մեծ մասը ծանրոցներ չի ստանում։
Հիշեցնելով իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության մասին, որը պատրաստ է մեկնել Բաքու, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի դատապարտված քաղաքացիների հետ, նրանց փոխանցել մոտ հազար նամակ, ծանրոցներ և անհրաժեշտ իրեր, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նրա դիմումները մնացել են անպատասխան, իսկ այլընտրանքային լուծում չի առաջարկվել։
Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Վարդանյանը տեղի ունեցողը որակել է ոչ թե դատ, այլ ֆարս:
Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։