Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմանավը լուսարձակող հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ

Ռուսական ռազմանավը Դանիայի Գեդսեր քաղաքի մոտակայքում գտնվող միջազգային ջրերում ազդանշանային լուսարձակող հրթիռներ է արձակել Դանիայի ռազմաօդային ուժերի Fennec ուղղաթիռի ուղղությամբ, երեկ ուշ երեկոյան հաղորդել է Դանիայի զինված ուժերի հրամանատարությունը։

Հաղորդվում է, որ դանիական ուղղաթիռը պլանային լուսանկարահանում էր կատարում այդ ժամանակ։

«Ռուսական ֆրեգատն ուղղաթիռի ուղղությամբ ազդանշանային երկու հրթիռ է արձակել։ Լուսարձակներից մեկը թռել է ուղղաթիռին մոտ», - ասվում է հայտարարությունում:

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը դանիական զինվորականների դեմ Ռուսաստանի գործողություններն «անխոհեմ» է անվանել: «Ռուսաստանի գործողությունները նպատակ ունեն վախեցնելու և պառակտելու: Դրանք չեն հաջողվի: Մենք չենք նահանջի», - նշել է նա:

Արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենն էլ հայտարարել է, որ «սա բացարձակապես անընդունելի է»։ Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը միջադեպի կապակցությամբ կանչվել է Արտգործնախարարություն։

2026-ի հունիսին ռուսական «Ադմիրալ Գրիգորովիչ» ռազմանավը Լա Մանշում նախազգուշական կրակոցներ էր արձակել բրիտանական Bright Future առագաստանավի ուղղությամբ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ ժամանակ հայտարարեց, որ նավի անձնակազմը փորձել է կապ հաստատել զբոսանավի հետ, սակայն չի կարողացել, ինչից հետո լուսարձակ հրթիռներ է արձակել։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG