Պորտուգալիայի հավաքականը Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով պարտվեց Իսպանիայի ազգային ընտրանուն: Դալլասում անցկացված դիմակայության ավելացված ժամանակի առաջին րոպեին իսպանացի Միքել Մերինոն բացեց հանդիպման հաշիվը՝ հաջողությամբ ճեղքելով Դիոգու Կոշտայի պաշտպանած դարպասը։
Սա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ Աշխարհի գավաթի վերջին հանդիպումն էր։ Ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին արդեն վեցերորդ անգամ մասնակցող Ռոնալդուի՝ Աշխարհի առաջնության գավաթակրի տիտղոսը նվաճելու երազանքն այդպես էլ չիրականացավ։
«Ցավում եմ, որ այսպես եմ հեռանում Աշխարհի առաջնությունից, - խաղից հետո ասել է 41-ամյա ֆուտբոլիստը, - Ես ներդրեցի առավելագույնը: Ես արեցի ամեն ինչ և հեռանում եմ մաքուր խղճով: Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն էր, այո, բայց հիմա ես ժամանակ կունենամ խորհելու և ընտանիքիս հետ լինելու: Ես որևէ շտապողական որոշում չեմ կայացնի»։
Նա, սակայն, առայժմ չի հստակեցրել՝ ավարտո՞ւմ է կարիերան ազգային հավաքականում: «Ես հույզերի ազդեցության տակ որոշումներ չեմ կայացնում»,- ասել է Ռոնալդուն։
Ֆուտբոլի համաշխարհային աստղը, որի օգնությամբ Պորտուգալիան 2016-ին հաղթեց Եվրոպայի առաջնությունը, 2019-ին և 2025-ին էլ՝ Ազգերի լիգան, ասել է, որ հպարտ է ազգային հավաքականում ունեցած իր ներդրման համար։
«Ես երեք տիտղոս եմ նվաճել Պորտուգալիայի համար. նախքան Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիան ոչ մի տիտղոս չէր նվաճել,- ընդգծել է «Ալ-Նասր»-ի հարձակվողը, - Ամենամեծ տիտղոսը, որ ազգային հավաքականը երբևէ նվաճել է, 2016 թվականի Եվրոպայի առաջնությունն էր, ինչը, անկեղծ ասած, ինձ համար նույնքան նշանակալի է, որքան Աշխարհի առաջնությունը»։
Պորտուգալիայի պարտությամբ որպես հավաքականի գլխավոր մարզիչ իր կարիերան եզրափակեց նաև ազգությամբ իսպանացի Ռոբերտո Մարտինեսը, որին Ռոնալդուն ջերմ խոսքեր է հղել. «Մեծ մարզիչ, հրաշալի մարդ, և այն ամենն, ինչը նա արել է Պորտուգալիայի համար, արժանի է գովեստի։ Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել նրան և ամենայն երջանկություն մաղթել...»։
Ռոնալդուի կարծիքով՝ թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը հնարավոր էր․ «Բայց այդպիսին է ֆուտբոլը։ Պետք է հավաքենք մեր ուժերը և շարժվենք առաջ»։