Երևանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից միայն այսօր օրվա երկրորդ կեսին հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ Օվերչուկը մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստին, որն այժմ ընթանում է:
Նախորդ շաբաթ Օվերչուկը հայտարարել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև․ երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է:
«Մենք բազմիցս ենք ասել այս մասին, կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է: Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել»,- ասել էր Օվերչուկը։
Նա նշել էր նաև, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն էլ երեկ ասել էր, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Մոսկվայի հնարավոր մասնակցության վերաբերյալ:
ՀՀ իշխանությունից պնդել էին, որ «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։