Ռուսաստանն առաջիկա ամիսներին կավելացնի եվրոպական երկրների վրա հիբրիդային հարձակումների թիվը, սակայն ուղղակի ներխուժման ռիսկը նվազագույն է, ասվում է Դանիայի ռազմական հետախուզական գործակալության նոր զեկույցում:
Ռուսաստանի սպառնալիքների գնահատման մասին զեկույցում հետախուզության պաշտոնյաները պնդում են, որ իրավիճակը վատթարացել է նախորդ զեկույցի համեմատ, որը հրապարակվել էր 2025 թվականի փետրվարին:
Նշվում է, որ աճել են դիվերսիաների, կիբեռհարձակումների, ռուսական անօդաչու թռչող սարքերի ՆԱՏՕ-ի տարածք ներխուժման և Բալթիկ ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի ագրեսիվ վարքագծի դրսևորման դեպքերը: Հետախուզությունը կարծում է, որ այս ոլորտում հետագա սրացում է սպասվում:
Պատճառը՝ Ուկրաինան
Կոպենհագենը կարծում է, որ դրա պատճառը ուկրաինական ճակատում ստեղծված իրավիճակն է։ «Ռուսաստանն այժմ ավելի մեծ ճնշման տակ է, քան երբևէ պատերազմի սկսվելուց ի վեր: Ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերի կանոնավոր հարձակումները Ռուսաստանի խորքում ավելի ու ավելի մեծ վնաս են հասցնում», - նշվում է զեկույցում։
Հետախոզությունը նաև պնդում է, որ Ռուսաստանը մեծ կորուստներ է կրում, մինչդեռ Ուկրաինայում նրա տարածքային նվաճումները նվազագույն են։ «Ռուսաստանի տնտեսությունը մեծ ճգնաժամի եզրին է՝ ռազմական ծախսերի, միջազգային պատժամիջոցների և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով»,- ասվում է փաստաթղթում:
Գերատեսչությունը նաև նշում է, որ «չկան նշաններ, որ Ռուսաստանը հաջորդ վեց ամիսների ընթացքում որևէ էական շրջադարձային կետի կհասնի Ուկրաինայում արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմում։ Միևնույն ժամանակ, չափազանց անհավանական է, որ նախագահ Պուտինը զիջումների գնա պատերազմի գլխավոր նպատակների հարցում»։
Ընդորում, ըստ զեկույցի, Ռուսաստանը կարծում է, որ Եվրոպան մտադիր է զարգացնել իր սեփական ինքնավար զինված ուժերը, և որ մինչև 2030 թվականը դրանք սպառնալիք կներկայացնեն Ռուսաստանի համար: Հետևաբար, Մոսկվան գալիք տարիները դիտարկում է որպես հնարավորությունների պատուհան, երբ նախագահ Պուտինը կարող է որոշել, որ արժե ռիսկի դիմել՝ փորձելով արմատականորեն վերանայել եվրոպական անվտանգության կարգը:
Թուլացնել հանրային աջակցությունն Ուկրաինային
Եթե մինչ վերջերս, նշվում է զեկույցում, ռուսական հիբրիդային հարձակումների նպատակն էր հիմնականում վախեցնել և թուլացնել Ուկրաինային օգնության տրամադրելու հարցում հանրային աջակցությունը, ապա այժմ Ռուսաստանն ավելի ու ավելի է փորձում քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ օգնությունը չհասնի Ուկրաինա, օրինակ՝ դիվերսիաների միջոցով ոչնչացնելով ռազմական գործարանները կամ Ուկրաինա բեռներ տեղափոխող երկաթուղիները:
Հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ այս դեպքերը կաճեն, սակայն ցածր են համարում ռիսկը, որ Մոսկվան կարող է որոշում կայացնել Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի երկրների դեմ սահմանափակ ռազմական գործողություն իրականացնելու հարցում, թեև այդ ռիսկը կարող է աճել առաջիկա ամիսներին:
Նման գործողությունը, ըստ հետախուզության, կարող է ներառել հրետանային առանձին հեռահար հարվածներ ենթակառուցվածքներին, որոնք կարևոր են Ուկրաինային աջակցելու համար: Ընդ որում՝ Մոսկվան կպնդի, որ հրթիռները շեղվել են միայն այն պատճառով, որ դրանք վերաուղղվել են Ուկրաինայի կողմից:
Ներժուժումը անհավանական
Բացի դրանից՝ այդպիսի գործողությունը կարող է ներառել նաև ուկրաինական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործում կամ սահմանային շրջաններում սահմանափակ թվով զորքերի տեղակայում՝ առաց համազգեստի վրա պատկանելության նշանների:
Զեկույցի հեղինակները նշում են, որ նման գործողությունների հիմնական նպատակը կլինի շեղել ուշադրությունը Ուկրաինային ուղղված օգնությունից, եվրոպական ռեսուրսները վերաուղղորդել այլ վայրեր և տարաձայնություններ սերմանել ՆԱՏՕ-ի ներսում։ Հետախոզությունը չափազանց անհավանական է համարում ռուսական զորքերի բացահայտ ներխուժումը Եվրոպա առաջիկա վեց ամիսների ընթացքում։