Ադրբեջանի նախագահի աշխատակազմը 24 տարի ղեկավարած Ռամիզ Մեհդիևը, ով Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջման փորձի, պետական դավաճանության և փողերի լվացման մեղադրանքներով մեկ տարի առաջ ձերբակալվել, ապա տնային կալանքի է ենթարկվել, հեռացվել է իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության շարքերից: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ որոշումն ընդունել է կուսակցության վարչությունը այսօրվա նիստում:
Նույն նիստի ժամանակ «Յենի Ազերբայջան»-ը նաև 88-ամյա Մեհդիևին պարգևներից զրկելու նախաձեռնությամբ է հանդես եկել:
Երբեմնի ազդեցիկ պաշտոնյան Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ղեկավարել է 1995 թվականից մինչև 2019-ը: Պաշտոնանկությունից հետո նա երկրի ղեկավարության որոշմամբ նշանակվել էր Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ապա երեք տարի անց՝ հեռացվել այդ պաշտոնից:
Ռամիզ Մեհդիևն իր պաշտոնավարման ընթացքում պետական բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում՝ Հեյդար Ալիևի շքանշանի:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Իլհամ Ալիևի վարչակազմում «գորշ կարդինալ» անունն ստացած Մեհդիևի շփումները ռուսական հատուկ ծառայությունների հետ ակտիվացել էին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին, որը սկսվել էր 2024-ին ռուսական զինուժի կողմից «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության մարդատար ինքնաթիռի խոցումից հետո, ինչի հետևանքով 38 մարդ զոհվեց: Մեհդիևը, ըստ լրատվամիջոցների, ցանկացել է օգտվել առիթից և Ռուսաստանի միջոցով հեղաշրջում անել: Ռուսաստանը ստացել է այդ առաջարկը, սակայն դրան լուրջ չի վերաբերվել և որպես լծակ է օգտագործել Ադրբեջանի հետ հարաբերություններում: