Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հանճարեղ մարդ» է անվանել Իլոն Մասկին և հայտարարել, որ ռուսական կողմը «սերտ շփման» մեջ է SpaceX-ի հիմնադրի հետ:
Պուտինի խոսքով՝ փոխգործողությունը կապված է Երկրի ուղեծրում արբանյակների աշխատանքը համակարգելու անհրաժեշտության հետ, փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը:
Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Մակսուտ Շադաևը երկրի նախագահին հայտնել է, որ SpaceX-ը ուղեծրում 5 հազարից ավելի կապի արբանյակ ունի: Պուտինը պատասխանել է, թե Ռուսաստանը նման խմբավորումներ ստեղծելու գործում դեռ առաջին քայլերն է անում:
«Մենք սերտ շփման մեջ ենք մեր ամերիկյան գործընկերների, այդ թվում՝ պարոն Մասկի հետ, քանի որ ուղեծրերում այնտեղ շատ կարևոր է չխանգարել միմյանց, որոշակի կարգապահություն, կարգուկանոն պահպանել», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը: