Ամերիկյան SpaceX ընկերությունը չեղարկել է Ուկրաինայում իր Starlink արբանյակային ցանցի օգտագործման համար նախկինում նախաձեռնած սահմանափակումները, որոնք դժվարություններ էին առաջացրել Ուկրաինայի զինված ուժերի համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Լրագրողներին հարցին, թե ինչպես կմեկնաբանի The Washington Post-ի հրապարակումը, որ Թրամփը Starlink ցանցի սահմանափակումները քննարկել է SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի հետ, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Ես չեմ ուզում մեկնաբանել դա։ Կարևոր չէ՝ ես եմ զանգել, թե այլ մեկը։ Կարծում եմ՝ կարևորն այն է, որ նա ամեն ինչ վերականգնեց»։
Մինչդեռ, Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Starlink-ի արագությունը Ուկրաինայում չի վերականգնվել հոկտեմբերի կեսերին սահմանված սահմանափակումներից հետո։
Մասկն «ինքն է կարգադրել»
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտնել էր, որ Starlink ծառայության սահմանափակումները սկսել են նկատվել հոկտեմբերի 14-ի գիշերը։ Այս սահմանափակումների պատճառով արբանյակային ցանցը դադարեցրել է աշխատանքը բարձր արագությամբ շարժվող սարքերի վրա։
Սա լուրջ հետևանքներ ունեցավ Ուկրաինայի զինված ուժերի համար: Ուկրաինան Starlink-ը, ավելի ճշգրիտ՝ այս ցանցի ռազմական տարբերակը՝ Starshield-ը, օգտագործում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող թիրախների վրա հարձակումների ժամանակ անօդաչու թռչող սարքերն ուղղորդելու համար:
Հրապարակայնորեն հասանելի տվյալների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերը Starshield-ը չեն օգտագործում Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար, քանի որ Ռուսաստանը չի գտնվում այս արբանյակային ցանցի ծածկույթի գոտում:
Մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ բրիտանական The Telegraph և ամերիկյան The Wall Street Journal թերթերը, հաղորդել են, որ հենց Իլոն Մասկն է առաջարկել այդ սահմանափակումները: Գործարարը, իբր, քննարկել է այդ գաղափարը Պենտագոնի հետ և ստացել նախարարության աջակցությունը:
Իր հերթին, Սպիտակ տունը հայտարարել է, որ որևէ հրահանգ չի տվել Ուկրաինայում արբանյակային ցանցի գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ։ Թրամփն ինքը երեկ ասել է, որ ինքը կապ չունի դրա հետ:
Ուկրաինային «կապիտուլյացիայի» ենթարկել
Հոկտեմբերի կեսերին Կիևը խնդիրների բախվեց ոչ միայն Starlink-ի, այլև Միացյալ Նահանգների հետ հետախուզական տվյալների փոխանակման հետ կապված, որը, ի թիվս այլ բաների, թույլ է տալիս Ուկրաինայի զինված ուժերին տեղեկանալ ռուսական բալիստիկ հրթիռների արձակման մասին:
Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան մի քանի գիշեր անընդմեջ իր գործընկերներից որևէ նախազգուշացում չի ստացել բալիստիկ հրթիռների արձակման մասին: Թրամփի վարչակազմի պաշտոնյաները դրա համար մեղադրեցին եղանակային պայմաններին և «ծրագրային ապահովման խնդիրներին»:
Այս իրավիճակը ստեղծվեց Զելենսկու հասցեին Թրամփի վերջին քննադատական մի քանի հայտարարությունից հետո, որոնք ԱՄՆ նախագահն սկսեց անել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետ, որից հետո նա կարգադրեց վերացնել Ռուսաստանից դիզելային վառելիքի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները և հրաժարվեց Ռուսաստանի դեմ կիրառել «Լինդսի Գրեհեմի պատժամիջոցներ»։ Թրամփը պնդում էր, թե Զելենսկին չի ցանկանում ընդունել Ուկրաինային առաջարկված «գործարքը»՝ պատերազմը դադարեցնելու համար։
Հոկտեմբերի 18-ին Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին քննադատեց Սպիտակ տան դիրքորոշման փոփոխությունը։ «Կարծում եմ՝ քայլեր են ձեռնարկվել՝ համոզելու Ուկրաինային, որ կապիտուլյացիայի ենթարկվի։ Ես չեմ պնդում, որ սա հենց այն նպատակն է, որը մեր գործընկերներն են հետապնդում։ Ես չեմ ուզում մտածել, որ ամերիկացիները կարծում են, որ կարող են ավելի արագ ավարտել պատերազմը Ուկրաինայի հաշվին։ Բայց այս ամենը հենց այդ տպավորությունն է թողնում»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։